30.000 արցախցի ապօրինի կերպով զրկված է ընտրական իրավունքը իրացնելուց. փաստաբան

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Միջազգային կազմակերպությունների և դիտորդական առաքելություն իրականացնող տարբեր անձանց ուշադրությունն այս օրերին սևեռված է լինելու ընտրախախտումների արձանագրմանը, ինչի համատեքստում ես ցանկանում եմ հայտարարել, որ այս պահին ամենակոպիտ ընտրախախտումը դա արցախցիներին ակնհայտ ապօրինի ընտրական իրավունքի զրկելն է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսուղերձում ասել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

«Իր հերթին վարչական դատարանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում և չի ընդունում արցախցիների կողմից ներկայացված հայցադիմումները, անտեսելով նաև վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումն այն մասին, որ նման վեճերի ենթակա են քննության հենց վարչական դատարանին։ Վարչական դատարանը վարույթ ընդունելը մերժելը պայմանավորում է տարբեր հանգամանքներով։

Կարևոր է նաև նշել, որ 30.000 արցախցի այս պահի դրությամբ ունի պատրաստ հայցադիմում և պատրաստում է մուտք անել իր հայցադիմումը դատարան՝ խնդրելով իրեն ներառել ընտրացուցակներում։ Օրենքը նման հնարավորություն ընձեռնում է, այդ հնարավորությունը ընձեռնում է անգամ քվեարկության օրը, սակայն դատարանների կողմից ստեղծում են արհեստական խոչընդոտներ, ինչի արդյունքում վկայակոչած անձիք զրկվում են իրենց ընտրական իրավունքն իրացնելու հնարավորությունից։ Նման թվաքանակի անձանց ընտրություններին մասնակցելը կարող է ոչ միայն զգալի, այլ նաև վճռորոշ դեր խաղալ ընտրությունների վերջնարդյունքին, սակայն հասկանալի պատճառով իշխանությունն արցախցիներին ընտրությանը մասնակցել չի թույլատրում»,- մանրամասնեց փաստաբանը։

 

Կիսվել նյութով