Բագրատ սրբազանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Վազգեն Գալստանյանը (Բագրատ սրբազանը) դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջելով հերքել ընտրակաշառքի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները, որոնք, ըստ հայցի, զրպարտչական են։ Պահանջում է նաև 49.7 (քառասունինը ամբողջ յոթ տասնորդական) դրամ խորհրդանշական փոխհատուցում։

Հայցադիմումը դատարան է ներկայացվել 2026թ․ հուլիսի 6-ին և մակագրվել դատավոր Մարինա Տաշչյանին։

Վազգեն Գալստանյանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքի իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը, ըստ հայցի, արատավորող և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները։ Հերքումը պետք է հրապարակվի ՀՀ կառավարության պաշտոնական կայքում (www.gov.am), ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում (www.primeminister.am), ինչպես նաև առնվազն 5000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով։

Հայցում առաջարկվող հերքման տեքստը հետևյալն է.

«ՀԵՐՔՈՒՄ. Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հայտնում եմ, որ 2026 թվականի հունիսի 11-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում իմ կողմից հնչեցված այն պնդումները, թե «ՔՊ-ն ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե… Առանց փողի, նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը», չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են զրպարտություն ընտրություններին այլ քաղաքական ուժի օգտին քվեարկած ՀՀ քաղաքացի Վազգեն Պետրոսի Գալստանյանի նկատմամբ»։

Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին տեղեկություններ չկան։

Կիսվել նյութով