Հայաստանում ծնելիությունը շարունակում է նվազել․ Արսեն Թորոսյանը մտահոգիչ տվյալներ է ներկայացրել

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվել է 32 հազար 42 ծնունդ՝ 2024 թվականի 33 հազար 593-ի և 2023 թվականի 36 հազար 590-ի դիմաց։ Այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում հայտարարել է նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ նվազում է նաև պտղաբերության գործակիցը՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թիվը․ փոխանցում է «Արմենպրես»-ը։

«Ծնելիության անկումը շարունակվում է։ Կան գործոններ, օրինակ՝ ամուսնության տարիքը, որոնք պետությունը չի կարող ուղղակիորեն փոխել, սակայն եթե պտղաբերության ցուցանիշն ավելի նվազի, դա ցանկացած երկրի համար լուրջ մարտահրավեր կլինի»,– նշել է նախարարը։

Թորոսյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է փոխել հանրային մտածողությունը և պետական աջակցության ծրագրերի միջոցով խրախուսել ծնելիության աճը։

 

Կիսվել նյութով