Իլոն Մասկը մտադիր է «հսկայական ֆինանսավորում» հատկացնել Հանրապետական կուսակցությանը՝ ԱՄՆ Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրություններում նրա դիրքերն ամրապնդելու նպատակով։ Այդ նպատակով միլիարդատերը վերագործարկում է իր America PAC քաղաքական հիմնադրամը։
Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ America PAC-ը կֆինանսավորի թիրախավորված թվային գովազդ, փոստային արշավներ և տնետուն քարոզչություն՝ ընտրողներին հանրապետականների օգտին քվեարկելու համոզելու համար։ Հատուկ ուշադրություն կդարձվի այն ընտրողներին, որոնք սովորաբար աջակցում են հանրապետականներին նախագահական, բայց ոչ Կոնգրեսի ընտրություններում։
Մասկի ներկայացուցիչները չեն հայտնել նախատեսվող ներդրման չափը, սակայն Axios-ի զրուցակիցների գնահատմամբ՝ այն լինելու է «հսկայական»։
Պարբերականը հիշեցնում է, որ 2024 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում America PAC-ը Դոնալդ Թրամփի աջակցությանը հատկացրել էր ավելի քան 260 մլն դոլար, ինչի շնորհիվ Մասկը դարձել էր ԱՄՆ պատմության ամենախոշոր քաղաքական դոնորը։