«Հրազդան ցեմենտի» սնանկացման և վաճառքի մութ և կասկածելի գործարքում մի շարք խորքային շերտեր կան, որոնցում Նարեկ Նալբանդյանն` իր գործունեությամբ ընդամենը շղթայի մի փոքր ու վերջին օղակն է միայն:
Նախկինում Միխայիլ Բաղդասարովին պատկանած, հետո մեկ անգամ արդեն սնանկացած ու ՎՏԲ բանկին անցած «Հրազդան ցեմենտը», իրականում, մինչև 2024 թվականը օգուտով կամ գոնե ոչ սնանկացման հասնող վնասով աշխատող և մեր երկրի համար շատ կարևոր արտադրական նշանակություն ունեցող գործարան էր: Բայց այն ժամանակ արցախցի գործարար Վիտալի Գրիգորյանցին պատկանող «Հայբիզնեսբանկին», հետո արդեն վերանվանված «Ամիօ բանկին» անցնելուց հետո հանկարծ որոշվում է, որ ընկերությունը պետք է գնա սնանկացման:
Պատճատաբանությունը լինում է ընդամենը մոտ 1-1.5 մլն դոլարի (500 մլն դրամ) պարտքը: Դրա համար որոշում են հսկայական ձեռնարկությունը տանել սնանկացման: Ու այստեղ հայտնվում է Արամ Խաչատրյան անունով սնանկության կառավարիչը, որն այս պատմության գլխավոր հերոսն է, հետո գուցե պարզվի նաև` գլխավոր մեղավորն ու պատասխանատուն: Հենց նա է ընկերության գույքը աստղաբաշխական թվերով գնահատել ու 45 մլն դոլար նախնական արժեքով դրել աճուրդի, որը երեք անգամ նվազելուց հետո Նարեկ Նալբանդյանը հաղթել է արդեն մոտ 30 մլն դոլարով կամ ավելի քան 11 մլրդ դրամով:
Բայց Արամ Խաչատրյանի «հերոսությունների», մարդկանց աշխատավարձերը չտալու, անհարկի աշխատանքից ազատելու, դատի տալու, դատերը պարտվելու և մնացյալի մասին դեռ առիթ կունենանք անդրադառնալու:
Այստեղ շան գլուխը նախ «Հայբիզնեսբանկի» սեփականատիրոջ, Սերժ Սարգսյանի մտերիմներից Վիտալի Գրիգորյանցի, ապա արդեն «Ամիօ բանկի» սեփականատերերի, որի մեջ, ի դեպ, 30 տոկոս փայ ունի նաև պետությունը, ինչպես նաև Արամ Խաչատրյանի տակ է թաքնված, վերջում նոր` Նարեկ Նալբանդյանի:
Դատախազությունը բազմաթիվ հարցեր պետք է պարզի, թե ինչպե՞ս է «ԱՊԿ» անունով ընկերությունը 500 մլն դրամ կամ 1.5 մլն դոլար փոխառություն տվել «Հրազդան ցեմենտին», որով տարել են սնանկության, կամ ինչպե՞ս է մոտ 110 մլն դոլարի պարտք առաջացել, որ իբր «Հրազդան ցեմենտը» այդքան գումարի պարտավորություն ունի «Ամիօ բանկի» նկատմամբ: Որտեղի՞ց է այդ վարկային պարտավորությունը գոյացել, եթե գործարանի հաշվին նման չափի գումար չի նստել:
Ինչպե՞ս է ստացվել, որ սնանկության կառավարիչ Արամ Խաչատրյանը չի ստուգել ընկերության ֆինանսական վիճակն ու այս գործին քրեական ընթացք չի տվել: Փոխարենը այդ կասկածելի 110 մլն դոլարի գործով «Հրազդան ցեմենտի» աշխատակիցներն են դիմել իրավապահներին, որից հետո դատախազությունը քրեական վարույթ է նախաձեռնել:
Արդեն երկու տարի է` այս գործը բացված է, բայց որևէ ընթացք չկա` կարծես թե դարակում փտում է: Փոխարենը, քրեական վարույթի պայմաններում հանկարծ որոշում են ընկերությունը հանել վաճառքի: Եւ «Ամիօ բանկը», որ «Հրազդան ցեմենտի» ամենախոշոր պարտապանն է, ինչ-ինչ զանգերի արդյունքում համաձայնում է Նարեկ Նալբանդյան անունով գործարարին խոշոր վարկ տրամադրել, որ գնի «Հրազդան ցեմենտն» ու այդպիսով փակի բանկի նկատմամբ ունեցած կասկածելի վարկային պարտավորությունը: Ըստ էության` ցանկանում են այդպիսով ջրել քրեական վարույթի հիմք հանդիսացած այդ շուրջ 110 մլն դոլարի կասկածելի պարտավորությունը, քանզի հայտնի չէ, թե այդ փողերը ում գրպանն են գնացել: Այսքանից հետո, սակայն, «Ամիօ բանկը» կեսից որոշում է չհատկացնել Նարեկ Նալբանդյանին խոստացած վարկը` ըստ երևույթին վախենալով Նիկոլ Փաշինյանի զայրույթից:
Այս և շատ այլ հարցերի պատասխան պետք է տան Քննչական կոմիտեն, այս գործով փոխված ու մինչ օրս ոչ մի քայլ չանող կին քննիչն ու դատախազությունը, բայց, ինչպես տեսնում ենք, որևէ մեկը մատը մատին չի խփում. հավանաբար ինչ-որ անձանց այդպես է պետք:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ