Makaryannews.am-ն օրեր առաջ հռետորական հարցադրումներով մի հոդված էր հրապարակել, թե՝ «Փաշինյանը Քաղշինկոմիտեի նախագահի արկածներից և չկառուցված դպրոցների ճակատագրից տեղյա՞կ է»։
Դրանում մենք անդրադարձել էինք Դովեղի ու Չիվայի դպրոցների ավարտված շինարարությանն ու նրան, թե ինչպես են այդ դպրոցների շինարարության տենդերները Քաղշինկոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի «թեթև ձեռքով» ապօրինի կերպով վերցվել հաղթած ընկերությունների ձեռքից ու կրկնակի թանկ գնով տրվել այլ ընկերությունների։
Մեր այս հոդվածին արձագանքել է անձամբ Քաղշինկոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ համարելով, որ հոդվածում ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը։
«Հերքում եմ ինձ վերագրված՝ պայմանագրերն ապօրինի վերցնելու, նույն աշխատանքներն անհիմն ավելի թանկ փոխանցելու, կապալառուներին խաբելով վճարումներից զրկելու և դպրոցների կառուցումը խոչընդոտելու գործողությունները։
Չնայած կայքի պնդման, թե «դպրոցները չեն կառուցվում»՝ Չիվայի դպրոցն արդեն կառուցված է. մեկնարկել են ավարտական ակտի ստացմանն առնչվող գործընթացները։ Իսկ Դովեղի դպրոցում շինարարական աշխատանքները շարունակվում են։ Որպես ապացույց՝ ներկայացվում են տեսանյութեր (Չիվայի դպրոց՝ https://www.youtube.com/watch?v=7IEbT0QtAek, Դովեղի դպրոց՝ https://www.youtube.com/watch?v=ndTaxm27wdc)։
Հարկ է նշել, որ նախկին կապալառուի նախաձեռնած դատական գործընթացների պատճառով էին Դովեղի դպրոցի շինարարությունը և նոր կապալառու ներգրավելու գնման գործընթացը կասեցվել։
Իմ կողմից ստորագրվել է գնման գործընթացի կասեցումը վերացնելու Քաղաքաշինության կոմիտեի միջնորդությունը, և ԵԴ2/1490/02/25 գործով դատարանը վերացրել է կասեցումը, որից հետո գնման գործընթացը և շինարարությունը վերսկսվել են, ինչը հաստատում է շինարարությունը շարունակելուն ուղղված իմ կոնկրետ գործողությունը։
Իրականությանը չի համապատասխանում գների տարբերության և նույն աշխատանքն ապօրինի ավելի թանկ գնով փոխանցելու վերաբերյալ պնդումը։ Գնագոյացումը դուրս է իմ անձնական հայեցողության շրջանակներից, չի կարգավորվում նաև Կոմիտեի կողմից, իսկ աշխատանքների ծավալում տեղի էին ունեցել օբյեկտիվ և անխուսափելի փոփոխություններ»,-պնդում է Եղիազար Վարդանյանը, որի գործուղություններից բազմաթիվ դժգոհություններ ենք լսսել կապալառու ընկերություններից։
Եղիազար Վարդանյանի հերքումը, սակայն, նոր հարցեր է առաջացնում, քանզի նրա պարզաբանումներում արտացոլված չէ այն հիմնավորումը, թե ինչու են որոշել լուծել պայմանագիրը մրցույթը հաղթած և շինարարության զգալի մասը կատարած կապալառու ընկերության հետ և այն կրկնակի թանկ գնով տրամադրել այլ ընկերության։ Երկրորդ, եթե այդ ընկերության աշխատանքներում խախտումներ էին արձանագրվել և Կոմիտեն դժգոհ էր որակից, ինչու՞ է կեսից Քաղշինկոմիտեն նախ առաջարկել փոփոխված նախագծով վերակնքել պայմանագիրը այդ նույն՝ իբրև թե վատ աշխատանք կատարած ընկերության հետ, և անհամաձայնություն ստանալուց հետո որոշել այն տալ ուրիշ ընկերության, օրինակ՝ նախկին իշխանության հայտնի օլիգարխներից Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդուն պատկանող «Բիդեք» ընկերությանը։
Կամ արդյոք շինարարության ընթացքում երբևէ տեխհսկող ընկերությունից եզրակացություն ստացե՞լ են, որ շինարարությունն ընթանում է անորակ, խախտումներ կան և այլն։ Կա՞ այդպիսի փորձաքննության որևէ փաստաթուղթ։ Եվ, առհասարակ, ինչո՞ւ այդ դպրոցները մինչև հիմա կառուցված չեն, ո՞վ է դրա համար պատասխանատու։
Բացի այդ, եթե Քաղշինկոմիտեն ամեն ինչ ճիշտ է ներկայացնում և պնդում է, որ իրենք ճիշտ են, շինարարական ընկերությունը՝ սխալ, ապա ինչո՞ւ է այս տարվա փետրվարին Պետական վերահսկողական ծառայության՝ Տավուշի մարզի Դովեղ և Վայոց Ձորի մարզի Չիվա գյուղերի դպրոցների շինարարության ընթացքի վերաբերյալ կատարած ուսումնասիրության հիման վրա հանցագործության մասին հաղորդում ներկայացվել իրավապահներին, որից հետո ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առերևույթ կոռուպցիոն բնույթի գործողությունների հատկանիշներով։
Այս թեմային, ի դեպ, տարբեր լրատվամիջոցներ էլի են անդրադարձել այս ընթացքում՝ նորից սլաքներն ուղղելով Քաղաքաշինության կոմիօտեի նախագահ Եղիազար Վարդանյանի դեմ։ Օրինակ՝ «Հետք» հետաքննող լրատվամիջոցը գրել է Դովեղի դպրոցի շինարարության խնդիրների և դրանց վերաբերյալ Քաղշինկոմիտեի՝ ամիսներ անց ուղարկած իրարամերժ պատասխանների վերաբերյալ։
Այսքանից հետո հարց է առաջանում, թե պարոն Վարդանյանը մեր հոդվածում տեղ գտած հռետորական հարցադրումներից հատկապես ի՞նչն է հերքում՝ դրանց ու նաև այլ լրատվամիջոցներում բարձրացված հարցերին սպառիչ և մանրամասն բացատրություններ տալու փոխարեն։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
