CNN-ի միջազգային հարցերով գլխավոր հաղորդավար Քրիստիան Ամանփուրը հեռանում է հեռուստաընկերությունից՝ 43 տարվա աշխատանքից հետո։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Ամանփուրի խոսքով՝ որոշումը հեշտ չի եղել։ Դրան նախորդել են ամիսներ տևած մտորումներն ու անքուն գիշերները։ CNN-ով և PBS-ով հեռարձակվող նրա հեղինակային հաղորդումը կավարտվի այս տարվա վերջին, սակայն մինչև հունիս նա շաբաթական մեկ անգամ դեռ եթերում կլինի՝ ապահովելով սահուն անցումային շրջան։
«Ես որոշեցի բաժանվել CNN-ից՝ իմ 43 տարվա գործընկերոջից, ինչը տևել է ավելի երկար, քան ամուսնությունների մեծ մասը։ Իմ ամբողջ կարիերան թիմային աշխատանք է եղել՝ երազանքն իրականություն դարձնելու համար։ Շնորհակալ եմ բոլոր անհավանական տաղանդավոր մարդկանց, որոնց հետ աշխատել եմ այս հրաշալի ճանապարհին»,- հայտարարել է հաղորդավարուհին։
Ամանփուրը հիշատակել է աշխարհի տարբեր թեժ կետերում իր լուսաբանած իրադարձությունները՝ Պարսից ծոցի առաջին պատերազմից մինչև Բոսնիա, Ռուանդա, Աֆղանստան, Իրան և Ուկրաինա։ Նա ընդգծել է, որ իրենց թիմի նպատակը միշտ եղել է ճշմարտությունը հանրությանը հասցնելը՝ առանց վախի կամ կողմնակալության։
Հաղորդավարուհին նշել է, որ շարունակելու է մնալ անկախ լրագրող՝ ընդգծելով, որ դա հատկապես կարևոր է այսօր, երբ ոլորտը բախվում է աննախադեպ քաղաքական և ֆինանսական ճնշումների։ Նա նաև շնորհակալություն է հայտնել իր լսարանին՝ տարիների ընթացքում ցուցաբերած վստահության համար։