Ինչո՞ւ է Դատախազությունը հանրայնացնում «թալանչիներին» և թաքցնում չթալանած կամ ազնիվ աշխատած պաշտոնյաների անունները 

Հեղինակ
5 արդեն րոպե ընթերցում ես

Օրեր առաջ MakaryanNews-ը հոդված էր հրապարակել «Թալանչիների ոդիսականը կամ՝ ո՞ւմ անուններն է թաքցնում դատախազությունը «ապօրինի գույքով» անցնողների հետևում․ կասկածելի թվեր և կարճված գործեր» վերտառությամբ։ Հոդվածում մենք ներկայացրել էինք ուշագրավ վիճակագրություն, թե ինչպես է ՀՀ գլխավոր դատախազությունը 2020-2024թթ․ ընթացքում Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի շրջանակներում ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին 193 որոշում։ Նշված որոշումների գերակշիռ մասը կայացվել է` հիմք ընդունելով Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ 50 մլն ՀՀ դրամ գերազանցող ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին տվյալների բացակայությունը։ Այսինքն՝ այդ անձանց մասով դատախազությունը չի գտել որևէ տվյալ, որով կհիմնավորվեր, որ տվյալ պաշտոնյան 50 մլն դրամից ավելի ապօրինի ծագում ունեցող գույք կամ դրամական միջոցներ է ձեռք բերել։

Դատախազությունը, սակայն, իր հաշտվետության մեջ չի ներկայացրել որևէ անուն և տվյալ, թե այս 193 որոշումները քանի՞ անձի են վերաբերում և ովքե՞ր են այդ անձինք։ Դատախազությունը, սովորաբար, հրապարակում է միայն քաղաքական առումով հետաքրքիր և իշխանությունների համար «օգտակար» անուններ, որոնց վերաբերյալ վարույթները ընթացքի մեջ են, և որոնք հանրությանը հայտնի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են, այսպես ասած՝ «նախկին թալանչիներ», որոնց անունները տալով՝ օրվա իշխանությունը կարող է քաղաքական դիվիդենտներ հավաքել։ Իսկ թե քանիսի գործերն են կարճել և ովքեր են նրանք, դատախազությունից լռում են։

MakaryanNews-ը հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազություն՝ պարզելու այս հարցերի պատասխանը, թե Օրենքի ընդունումից հետո մինչև հարցման օրը 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին քանի՞ որոշում է կայացվել և ինչ հիմքով, այդ որոշումները քանի՞ անձի են վերաբերում և ովքե՞ր են այդ անձինք։ Խնդրել էինք տրամադրել այդ անձանց ցանկը։

Դատախազությունից մեզ ծավալուն պատասխան են ուղարկել, որում, սակայն, ամենակարևորը չկա՝ կարճված գործերով անունների ցանկը։

3․ Տրամադրել սույն հարցման 2-րդ կետում նշված անձանց վերաբերյալ տեղեկություն՝ պահպանելով Օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված պահանջը։

Մեր այս հարցերին սպառիչ պատասխանելու փոխարեն Գլխավոր դատախազությունը հետ էր ուղարկել այն նույն վիճակագրական տվյալները, որոնց մենք էլ ենք տիրապետում և որոնք հրապարակել էինք մեր նախորդ հոդվածում։

Ժամանակագրական առումով միայն ավելացրել էր 2025 թվականի տվյալները․ «Ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման արդյունքում 2025 թվականին 48 նյութով 49 անձի վերաբերյալ որոշում է կայացվել ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին: Նշված որոշումներից 45-ը` 46 անձի վերաբերյալ կայացվել է դատախազների զեկուցագրերի հիման վրա, իսկ 2-ը՝ 2 անձի վերաբերյալ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմնի կողմից տրամադրած նյութերի հիման վրա: Բացի այդ, 1 որոշում 1 անձի վերաբերյալ կայացվել է նախորդ տարվանից ստացված դատախազի զեկուցագրի հիման վրա»։

Ինչ վերաբերում է անձանց ցանկին և տվյալներին, ապա Գլխավոր դատախազությունից հղում են կատարել Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի վրա, համաձայն որի՝ Իրավասու մարմինը հրապարակում է նախաձեռնված բռնագանձման վարույթների և դրանց արդյունքների վերաբերյալ տարեկան հաշվետվություն՝ պահպանելով Օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված տվյալների գաղտնիության ապահովման պարտականությունը՝ ուսումնասիրություն չնախաձեռնելու վերաբերյալ կայացված որոշումներով անձանց վերաբերյալ տվյալներ չեն կարող տրամադրվել:

Նշենք, որ դատախազության այս պատասխան-հիմնավորումն անհիմն է, քանի որ

-սույն վարույթներով օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված տվյալների գաղտնիությունը կարող է վերաբերել բացառապես անձանց բանկային կամ անձնական գաղտնիք պարունակող տեղեկություններին

— մեր կողմից հայցվող տեղեկությունները չեն վերաբերում նախաձեռնված բռնագանձման վարույթներին, հակառակը՝ պահանջվող տեղեկատվությունը վերաբերում է չնախաձեռնված բռնագանձման վարույթներին, այսինքն՝ ուսումնասիրություն չնախաձեռնելու դեպքերին։

Նշված վարքագծով ՀՀ գլխավոր դատախազությունը ավելի է խորացնում կասկածներն առ այն, որ 200 և ավելի մարդկանց մասով գործերը էս գլխից փակելը /տվյալ դեպքում պարտակելը/ կրում է խտրական բնույթ կամ, այլ կերպ ասած, ում մասով ուզել են՝ գործը փակել են, ում մասով էլ պետք է՝ սկսել են ուսումնասիրել և հանրայնացնել, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Նախ՝ ովքե՞ր են այն ազնիվ պաշտոնատար անձիք, որոնք ամբողջ կյանքում աշխատելով պետական համակարգում՝ չեն թալանել, կոռուպցիայով չեն զբաղվել և շատերի պես միլիոնավոր դոլարների կարողություն չեն դիզել։ Ի վերջո, սա կարող է նաև որպես լավագույնն օրինակ ներկայացվել, թե ինչպիսին պիտի լինի պետական ծառայողը։ Մինչդեռ, մեր իրավապահ մարմինները իրենց սխալն ընդունելու և օբյեկտիվորևեն նաև ու դիմացինի ճիշտը հանրայնացնելու փոխարեն զբաղված է բացառապես քաղաքականապես հետաքրքրություն ներկայացնող անձանց վարկաբեկելով։

Բացի այդ, արդյոք այդ մարդիկ՝ ազնիվները, տեղյա՞կ են, որ իրենց մասով տեղի է ունեցել իրավական գործընթաց, սակայն հետագայում չի նախաձեռնվել ուսումնասիրություն, քանի որ պարզվել է՝ մաքուր են։

Եթե նրանք տեղյակ չեն, ստացվում է՝ այդ մարդկանց նկատմամբ իրականացվել է իրավական գործընթաց, ըստ էության՝ իրենք հանդիսանում են «Սպիտակ մարդ», այսինքն՝ ստուգվել և հաստատվել է, որ իրենք չունեն 50 մլն ՀՀ դրամը գերազանցող ապօրինի գույք, բայց այդ մասին իրենց անգամ մի տեղեկանք չի տրվել, որ իրենք «ապօրինի հարստացած» պաշտոնյաներ չեն եղել։ Ստացվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը այս անձանց մասով ունի օբյեկտիվ տվյալ, որ իրենք «ապօրինի հարստացած» չեն, բայց չի ասում այդ մարդկանց, որ «շատ չուրախանան» կամ, միգուցե այս հանգամանքը թաքուն պահելով, երբ ցանկանա, նորից «կարած» գործերը դարակից կհանի ու որպես մահակ՝ կճոճի նրանց գլխին։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով