FlyOne Armenia-ն չեղարկել է Վիեննա-Երևան չվերթերն ու հրաժարվում է պատշաճ փոխհատուցում տրամադրել ուղևորներին

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

Իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող FlyOne Armenia ընկերությունը հերթական պատմության մեջ է գցել իր ուղևորներին։

MakaryanNews-ին ահազանգած ուղևորներից պատմեցին, որ FlyOne ընկերությունը չեղարկել է Վիեննա-Երևան թռիչքները, որոնցից մեկը պետք է կայանար ապրիլի 24-ին, չեղարկման պատճառներն անհայտ են՝ ինչպես FlyOne-ի դեպքում հաճախ է լինում, և հիմա ընկերությունը հրաժարվում է պատշաճ փոխհատուցում տրամադրել իր ուղևորներին՝ չնայած նրան, որ չեղարկման պարագայում ուղևորը իրավունք ունի մինչև 400 եվրո փոխհատուցում ստանալ տվյալ ավիաընկերությունից։ Ավիաընկերությունը պարտավոր է դա անել, սակայն FlyOne Armenia-ն հրաժարվում է պատճաշ փոխհատուցում տրամադրել։

Մասնավորապես, MakaryanNews-ի հետ զրույցում Սուրեն Հակոբյանն ասաց, որ կինն այս պահին գտնվում է Եվրոպայում, ամսի 24-ին շրջագայությունից հետո պետք է FlyOne Armenia ընկերության՝ Վիեննա-Երևան չվերթի օդանավով վերադառնար Հայաստան, սակայն ընկերությունը հայտնել է, որ չվերթը չեղարկվում է։

«Զանգեցինք FlyOne, իրենք ասացին՝ մենք միայն ձեր գնած տոմսի գինը կարող ենք փոխհատուցել։ Մենք մի ամիս առաջ տոմսը գնել էինք 90 եվրոյով, իսկ հիմա Վիեննայից ուղիղ չվերթների տոմսի գինը սկսվում է 360 եվրոյից։ Այսինքն՝ մենք ֆինանսապես տուժում ենք»,-ասաց Սուրեն Հակոբյանը՝ նշելով, որ ընկերությունից հրաժարվել են նաև այլ ավիաընկերության տոմս գնել իրենց համար։

Ավելի ուշ ընկերությունից նամակ են գրել ուղևորին՝ հայտնելով, որ իրենք պատրաստ են կա՛մ փոխել չվերթի օրը, կա՛մ տրամադրել տոմսի արժեքից 10% ավելի չափով վաուչեր են տրամադրում, որ հետո կարողանան այդ վաուչերով դարձյալ FlyOne Armenia ընկերությունից այլ չվերթի տոմս գնել, ինչը դարձյալ չի բավարարում FlyOne-ից տուժած ուղևորներին։

Ի դեպ, այս ընկերությունը մինչև հիմա մամուլի պատասխանատու չունի, որ զանգենք իրենցից մեկնաբանություն ստանանք, միակ տարբերակը իրենց պաշտոնական էլ.փոստին նամակ գրելն է։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով