Վեդիում մի խումբ անչափահասներ` 4-5 հոգի, որոնցից մեկը մայրը, ի դեպ, ոստիկան է, մտել են ԱԺ նախկին պատգամավոր Իշխան Խաչատրյանին պատկանող տարածք, որը ժամանակին Եվրոպական ակամեդիայի քոլեջն է եղել, և ջարդուփշուր արել ամեն ինչ` գույքը, տեխնիկան, պատերը:
Տարածքում գործում էր նախկին պատգամավորի գրասենյակը, ինչպես նաև նրա դստերը` Արփինե Խաչատրյանի հիմնած «Հրուշակագործների համահայկական միավորում» ՀԿ-ն, որով Խաչատրյանի դուստրը հրուշակագործություն էր սովորեցնում տեղի բնակիչներին: Այսինքն` գործող կրթական հաստատություն էր:
Տարածքի վրա աչք ուներ դրած Վեդիի ՔՊ-ական քաղաքապետ, «կոկորդիլոսագետ» անունը ձեռք բերած Գարիկ Սարգսյանը, որը, Արփինե Խաչատրյանի խոսքերով, խլել է իրենցից տարածքը` չնայած դատական գործընթացներին և իրենց օգտին կայացված որոշումներին:
Եվ, ահա, օրեր առաջ Վեդիի բնակիչ 14-15 տարեկան մի քանի անչափահասներ մտել են արդեն Գարիկ Սարգսյանի կողմից խլված այդ տարածք և ամեն ինչ տակնուվրա արել` բացահայտ վանդալիզմի ենթարկելով տարածքը:
Կադրերը MakaryanNews-ին տրամադրել է ինքը` Արփինե Խաչատրյանը, որը մեր ճշտող հարցին, թե հա՞յ էին այդ անչափահասները, ասաց` այո, հայ են, Վեդիից են, ինքն էլ ճանաչում է նրանց ծնողներին, որոնցից մեկն, ի դեպ, ոստիկան է (5 անչափահասներից մեկի` դրսում հսկողի դերում կանգնածի մայրը):
Բնականաբար, դիմել են ոստիկանություն, սակայն որևէ արդյունք չի տվել, անչափահասներին անգամ հարցաքննության չեն կանչել, ծնողներն էլ արդարացրել են իրենց անդաստիարակ զավակների արարքը, թե` երեխա են, չեն գիտակցել` ինչ են արել:
Մինչդեռ, Արփինե Խաչատրյանն ու հայրը` ՕԵԿ-ական նախկին պատգամավոր Իշխան Խաչատրյանը վստահ են` անչափահասները ուղղորդված են մտել իրենց տարածք ու այդպիսի վայրագ մեթոդներով ամեն ինչ ջարդուփշուր արել:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ