Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Ֆուտբոլի ֆեդերացիայից ու, հատկապես, ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանից ու նրա տեղակալ Արմեն Նիկողոսյանից։
MakaryanNews-ի տեղեկություններով՝ Փաշինյանը հակված է նրան, որ Մելիքբեկյանը պետք է հեռանա, և նրա անունից նույնիսկ այդպիսի հորդոր-պահանջ է ներկայացվել Մելիքբեկյանին։ Մասնավորապես, Արայիկ Հարությունյանն է Մելիքբեկյանին փոխանցել Փաշինյանի ցանկություն-պահանջը, որ նա և Արմեն Նիկողոսյանը դիմում գրեն-հեռանան, սակայն Մելիքբեկյանը դեռ ոտքը կախ է գցել։
Երեկ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ FIFA-ն որոշում է կայացրել, որ Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029 թ․աշխարհի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում։ Մեզ ասացին՝ կառավարությունից սրան էին սպասում, որ Մելիքբեկյանը աշխարհի խաղերը բերի Հայաստան, նոր հեռանա։ Հետևաբար, մեր տեղեկություններով, քանի որ այս որոշումն արդեն կայացվել է, մոտ ժամանակներս Արմեն Մելիքբեկյանն ու իր տեղակալ Արմեն Նիկողոսյանը կհեռանան Ֆուտբոլի ֆեդերացիայից, և նոր նախագահի ընտրություններ կնշանակվեն։