«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Մինչ իշխանությունը փորձում է մայիսի 4-5-ին Երեւանում կայացած ԵՄ համայնքի գագաթնաժողովն իր փիառին ծառայեցնել, հատկապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցին են հատուկ կարեւորություն տալիս, ընդգծում իրենց իբր ինքնիշխանությունը, լեգիտիմությունը եւ հայտարարում, թե աշխարհի առաջնորդները հաշվի են նստում իրենց հետ, քանզի Հայաստանն ազատագրել են ռուսի լծից ու ժողբաստիոն դարձրել, մեզ պատմեցին, որ Գյումրիում Փաշինյան-Մակրոն այցի ընթացքում սկանդալային միջադեպ է գրանցվել, ինչն ապշեցրել է նաեւ Ֆրանսիայի նախագահին եւ նրա պատվիրակությանը, քանի որ ի ցույց է դրել Հայաստանում հաստատված «ժողովրդավարական» բարքերը։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին՝ Երեւանում մեկնարկած գագաթնաժողովի հաջորդ օրը, Մակրոնն ու Փաշինյանն այցելեցին Գյումրի, հայրաքաղաքի կենտրոնական հրապարակում մեծ համերգ տեղի ունեցավ, որտեղից էլ Մակրոնն ուղեւորվեց «Զվարթնոց», որպեսզի վերադառնա Ֆրանսիա։ Մենք գրել էինք, որ Գյումրի այցի ընթացքում նախատեսված է եղել շրջայց կատարել քաղաքի թիվ 10 դպրոց, որը ֆրանսիական թեքումով է եւ կառուցվել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո՝ ֆրանսիական իշխանության ջանքերով։ Բայց այցը չի կայացել: Մեզ լրացուցիչ մանրամասներ պատմեցին այդ մասին: Մոտ երեք ամիս դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ու աշակերտները պատրաստվել են Ֆրանսիայի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ այցին, անգամ դպրոցը կոսմետիկ վերանորոգել են, այցի օրը անվտանգային խիստ միջոցառումներ ձեռնարկել, բառի բուն իմաստով՝ սանրել են տարածքը, բոլոր ուսուցիչների եւ աշակերտների մուտքը դպրոց թույլատրել են մետաղորսիչներով մանրակրկիտ զննումից հետո։ Վերջին պահին դպրոցի անձնակազմին տեղեկացրել են, որ Մակրոնը չի գա` չի հասցնում:
Իրականում, նախատեսված ժամին Մակրոնն ու իր պատվիրակությունը, որ ուղղաթիռով են մեկնել Գյումրի, տեղում են եղել, սակայն Փաշինյանն ուշացել է, եւ դպրոց այցը նրա ուշանալու պատճառով է չեղարկվել։