Փաշինյանը Քաղշինկոմիտեի նախագահի արկածներից և չկառուցված դպրոցների ճակատագրից տեղյա՞կ է

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

Սա Եղիազար Վարդանյանն է` Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։

Հետաքրքիր է` իրեն այս պաշտոնին առաջարկողն ու նշանակողը տեղյա՞կ են, որ այս մարդու թեթև ձեռքով որոշ դպրոցների, օրինակ` Չիվայի և Դովեղի դպրոցների շինարարությունը մինչև հիմա չի ավարտվել, մինչդեռ 2024-25 թթ. երկուսն էլ պիտի ավարտված լինեին:

Իսկ տեղյա՞կ են, որ այդ դպրոցների շինարարությունը հերիք չէ` չի ավարտվել նախատեսված ժամկետում, չնայած` Նիկոլ Փաշինյանն արդեն գնացել ստուգել էր, գլուխ էր գովացել, գրեթե բացումն էր արել, դեռ մի բան էլ` նույն Չիվայի դպրոցի 200 մլն դրամանոց նախագիծը Քաղշինկոմիտեի նախագահի ջանքերով դարձել է մոտ 400 մլն դրամ, որովհետև տենդերը շահած ընկերություններին սկզբից համոզել, հետո ապօրինի խլել է նրանց ձեռքից տենդերն ու կրկնակի թանկ գնով տվել այլ ընկերությունների: Օրինակ` Դովեղի դպրոցի տենդերը, որ ի սկզբանե շահել էին 800 մլն դրամով, պարոն Եղիազարը խլել է կառուցապատողի ձեռքից, տվել այլ ընկերության, այն էլ` 1 մլրդ 250 մլն դրամ արժեքով: Այսինքն` նույն աշխատանքի դիմաց պետության վրա դրել է միայն մեկ դպրոցի հաշվով ավելի քան 400 մլն դրամ ավել բեռ: Դա քիչ է` ի սկզբանե տենդեր շահած կառուցապատողներին էլ պարտք է ու փողերը չի տվել` փաստացի պետության կողմից «քցելով» կառուցապատողներին:

Ու խոսքը մեկ կամ երկու ընկերության մասին չէ, այլ մի քանի շինարարության տենդեր շահած տարբեր ընկերությունների:

Հետաքրքիր է` Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ է սրանից ու նրան զեկուցե՞լ են, թե ինչու մինչև հիմա կառուցված չեն իր գովազդած Դովեղի և Չիվայի դպրոցների շինարարությունը, որոնց ընթացքից ինքը գոհ է եղել, Կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանին էլ նույնիսկ իր այցի ժամանակ ասել է. «Վերջապես սովորեցիք դպրոց սարքել»:

Հիմա, փաստորեն, Եղիազար Վարդանյանի ակտիվ ջանքերով այդ դպրոցները չեն կառուցվում` դրանից բխող կոռուպցիոն ռիսկ պարունակող կասկածելի բնույթի գործընթացներով:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով