Ինչպե՞ս է «Զովքը» ծաղրում և մոլորեցնում իր հաճախորդներին

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

Ժամանակին իր մեքենայությունների համար ՊԵԿ-ի և իրավապահների թիրախում հայտնված «Զովք» սուպերմարկետների ցանցը, որ անուն է հանել` իբրև իր մշտապես ցածր գներով, իրականում, գնային մանիպուլյացիաներ է անում` մոլորեցնելով իր հաճախորդներին:

Օրինակ` հաճախ ենք հանդիպել դեպքերի, երբ «Զովքում» մի ապրանքի գինը նշված է ակցիայով, որ իբրև թե զեղչվել է, ու հաճախորդին թվում է, թե ինքը տվյալ ապրանքը գնում է շուկայում ամենացածր գնով, բայց, արի ու տես, նույն ապրանքը շատ այլ խանութներում, ընդ որում` ոչ ցանցային ու փոքր մարկետներում, առանց զեղչի շատ ավելի էժան է, քան «Զովքում»` ակցիայով: Այսինքն` բացահայտ խաբում և մոլորեցնում են իրենց հաճախորդներին:

Բայց սա ամենը չէ: «Զովքը» նաև կուտակային քարտերի համակարգ է ներդրել, որը բառացիորեն ծաղր է հաճախորդների նկատմամբ: Նախ այդ կուտակային քարտերի վրա մինչև 5000 դրամ գնումների դեպքում ընդամենը առևտրի 0.5 տոկոսն է կուտակվում, և միայն 5000 դրամից ավելի գնումների դեպքում է, որ այդ 0.5 տոկոսը դառնում է հազիվ 1 տոկոս: Սա այն դեպքում, երբ շատ փոքր մարկետների տրամադրած կուտակային քարտերի վրա միանգամից 1-2 տոկոս է կուտակվում:

Այսքանով, սակայն, «Զովքի» կողմից իր հաճախորդների նկատմամբ ծաղրը չի ավարտվում: Վերջերս պատահաբար պարզեցինք, որ նույնիսկ այդ չնչին 0.5-1 տոկոսը ոչ բոլոր ապրանքների դեպքում է կուտակվում: Մասնավորապես, հերթական առևտրի ժամանակ մեզ «Զովքում» ասացին, թե կուտակային համակարգը չի տարածվում մսեղենի, հացի և ակցիայով ապրանքների վրա: Այսինքն, եթե հաճախորդը «Զովքից» գնի, ասենք, 20.000 դրամի միս և հաց, իրենց տրամադրած քարտին ոչ մի լումա էլ չի կուտակվի:

Սրանք էժանագին ու խոշոր ցանցին ոչ պատվաբեր քայլեր են, որոնցով իր գովազդի վրա միլիոնավոր դրամներ ծախսող «Զովք» սուպերմարկետների ցանցը, փաստացի, ծաղրում, խաբում և մոլորեցնում է իր հաճախորդներին:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով