«Եթե ընկերներս ինձ դավաճանեցին, Վահեից ես որևէ ակնկալիք չունեմ». Մարգարյան Գառնիկը ճիշտ էր, մենք սխալվեցի՞նք, թե՞ ես ու Գառնիկը ճիշտ էինք, ՊԵԿ նախագահը` սխալ

Հեղինակ
6 արդեն րոպե ընթերցում ես

Կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ մեր հրապարակումներից հետո ՊԵԿ ՆԱՎ-ի պետի պաշտոնից ազատված Գառնիկ Մարգարյանն այսօր դատարանում հայտարարել է, որ հետ է վերցնում Makaryan News-ի դեմ իր հայցը, որով ինքը 2 մլն 300 հազար դրամ էր պահանջում՝ որպես պատվին և արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցում։

Սա ուշագրավ որոշում է, քանզի Գառնիկ Մարգարյանը դատարանում բավականին երկար ելույթ է ունեցել և ուշագրավ հայտարարություններ արել՝ անթաքույց դժգոհություն հայտնելով իրեն այդ պաշտոնին նշանակած, հետո մեր հրապարակումների պատճառով իրեն այդ պաշտոնից ազատած իր՝ արդեն երբեմնի ընկեր Էդուարդ Հակոբյանից, որին նա դատարանում անունով էր հիշատակում՝ Էդուարդը։

Երկար-բարակ չներկայացնելու համար Մարգարյանի ճառը, թե ինչպես է ինքը, ըստ իր հավաստիացումների, պայքարել կոռուպցիայի դեմ, կարճ նշենք, որ նա փաստացի հասկացրել է, որ Էդուարդ Հակոբյանն իրեն քցել կամ դավաճանել է՝ իմ հրապարակումների հետևանքով քավության նոխազ դարձնելով հենց իրեն ու վերջում չպաշտպանելով իրեն, չնայած, որ մենք քանիցս կասկածներ էինք հայտնում, որ հենց ՊԵԿ նախագահն է պահում իր ընկեր, հիմա արդեն՝ նախկին ընկեր Գառնիկ Մարգարյանին, որ վերջինս չդատվի։

«Էդուարդի հետ քննարկումներից մեկի ժամանակ, երբ Վահեն գրել էր, թե հեռախոսներն իմ դաբռոյով են դուրս հանել, արդեն, եթե չեմ սխալվում, գործ էլ կար հարուցված, կալանավորված անձինք էլ, ես Էդուարդին ասացի՝ կարո՞ղ է հայց ներկայացնեմ Վահեի դեմ, նա միանշանակ ասաց՝ այո, ես էլ համաձայնեցի՝ վստահ լինելով, որ Էդուարդն իմ լավը կամենալով է ասում՝ այո, հայց ներկայացրու»,-դատարանում ասել է Գառնիկ Մարգարյանը։

Ապա հայտարարել է, թե Վահե Մակարյանն իրեն զրպարտել է, բայց ի՞նչ է տալու Վահեին դատի տալը այսքանից հետո․ «Հավատացեք՝ ոչինչ։ Վահեն լրագրող է, զրպարտել է, OK: Իսկ ի՞նչ են արել իմ ընկերները։ Նույն Էդուարդի կողքին կանգնելու համար ես իմ ընտանիքին դեմ եմ գնացել։ Հարյուրավոր թշնամիներ ձեռք բերեցի, ու ինձ ասաց՝ դե, գիտես, քո վրա Վահեն շատ ա գրում, վերևից պահանջ կա, որ գնաս։ Եղբայր, ասացի, սաղի վրա էլ գրում են, եթե մի հոգի կգտվի, որ կասի՝ Մարգարյան Գառնիկը ոչ միայն էս դեպքով, այլ 11 տարի պետական համակարգում աշխատած ժամանակ ինչ-որ մեկից 1000 դրամ վերցրել է, ես պատրաստ եմ ոչ միայն գրեմ ազատման դիմում, այլ՝ դատվեմ։ Էդոն ասաց՝ էդպիսի պահանջ է դրված։ Փաստացի, Վահեին կոռուպցիաների վրա օգտագործելով, ինձ էլ Վահեի դեմ լարելով՝ այնպես արեցին, որ լրագրողի գրածները որպես պատրվակ օգտագործեցին՝ օգնելով ՊԵԿ-ի կոռուպցիոներներին՝ ազատվել ինձանից։ Ասեմ, որ Վահեն այս ամենից օգուտով դուրս չի եկել։ Մեր պետությունը օգուտով դուրս չի եկել։ Օգտվեցին միայն ՊԵԿ այն աշխատակիցները, որոնք զբաղված էին կոռուպցիայով։ Դրա համար, հարգելի՛ դատարան, եթե իմ ընկերները իմ կողքին չկանգնեցին, եթե Էդոն, ում համար ավելի շատ բան եմ արել, քան իր հայրը, վստահ լինելով, որ ես ոչ մի բանի մեջ չկամ և կապ չունեմ որևէ հանցանքի հետ, իմ կողքին չկանգնեց, ես Մակարյան Վահեից որևէ պահանջ չունեմ։ Կամ ինչո՞ւ պահանջեմ։ Հայցը գրեցի, երբ ՆԱՎ-ի պետ էի, մտածում էի՝ կողքս կանգնած են ընկերներս։ Եթե ընկերներս ինձ դավաճանեցին, Վահեից ես որևէ ակնկալիք չունեմ։ Ուղղակի զուտ ցանկություն կամ խնդրանք, որ Մակարյան Վահեն գոնե գրառում կատարի՝ Մարգարյանը Գառնիկը ճիշտ էր, ես՝ սխալվեցի»:

Գառնիկ Մարգարյանի այս ելույթից ստացվում է՝ իր ընկերները, մասնավորապես՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը իրեն դավաճանել ու «քցել է», և ինքը, իրականում, ըստ իր ներկայացրածի, անմեղ էր, մյուսներն էին մեղավոր։ Իսկ ո՞վ է մեղավոր՝ ոչ ոք չի ասում։ 400 այֆոնների գործով Հակակոռուպցիոն կոմիտեում կամ նախաձեռնված վարույթ, ընթանում է քննություն, կան կալանավորված անձինք, այսինքն՝ կոռուպցիոն դեպքը եղել է, որի հանրայնացմանը նպաստել ենք մենք, և մենք ճիշտ ենք արել, ու դրա համար պետք է շնորհակալություն հայտնեն, որ լրագրողը հանրայնացրել է կոռուպցիոն բնույթի սխեմայի մասին։ Բայց պարզվում է՝ բոլորը սուրբ էին, մենք՝ սխա՞լ։ Մենք կարող ենք Գառնիկ Մարգարյանի սիրտը հովացնելու համար, ազդվելով նրա սրտաճմլիկ կամ ուղղակի անկեղծ ելույթից և հավատալով նրա անկեղծությանը՝ հայտարարել թևավոր դարձած խոսքը, որ «Մարգարյան Գառնիկը ճիշտ էր, մենք՝ սխալվեցինք»։ Բայց հարց է առաջանում՝ ինչո՞վ էինք մենք սխալ, որ գրե՞լ ենք կոռուպցիոն այդ սխեմայի մասին ու մշտապես պատրաստ ենք գրել ՊԵԿ-ում վխտացող այլ կոռուպցիոն սխեմաների մասին, որոնց դեմը չի ուզում կամ չի կարողանում առնել ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, չէր կարողանում առնել նաև Ռուստամ Բադասյանը և այսպես շարունակ՝ մինչև Գագիկ Խաչատրյան։ Եվ քանի դեռ դատարանը չի որոշել՝ ով էր ճիշտ և ով՝ սխալ, դատարանում Գառնիկ Մարգարյանի այս ելույթից հետո լավ կլինի նախ ՊԵԿ նախագահը, առնվազն բարոյական որոշակի կոդեքսներից ելնելով, հայտարարի, որ՝ Գառնիկը ճիշտ էր, ինքը՝ սխալ։ Ի վերջո, Գառնիկին ՆԱՎ-ի պետ նշանակողը ինքն էր, և եթե պարզվի՝ Գառնիկ Մարգարյանը կապ չուներ այդ կոռուպցիոն սխեմայի հետ, դեռ մի բան էլ՝ ինքը պայքարել է դրա դեմ, այդ դեպքում Հակոբյանն ինքը պետք է նախ ներողություն խնդրի իր երբեմնի ընկեր Գառնիկից՝ նրան քավության նոխազ դարձնելու, ժողովրդական լեզվով ասած՝ «փուռը տալու», իսկ Գառնիկի ձևակերպմամբ՝ իրեն դավաճանելու համար։ Եվ եթե Մարգարյան Գառնիկը ճիշտ էր ու անմեղ, ապա ո՞վ էր մեղավոր 400 այֆոնների գործով՝ այլմոլորակայիննե՞րը։ Էլի ՊԵԿ աշխատակիցներն են, չէ՞, դրա հետևում կանգնած, իսկ այդ ՊԵԿ աշխատակիցների ղեկավարը Էդուարդ Հակոբյանն է, որի ղեկավարած հիմնարկում ամեն օր մի նոր կոռուպցիոն սկանդալ է բուսնում և ինքը դրանց դեմը առնել չի կարողանում, որովհետև…

Կարճ ասած` մի դիմում էլ ինքը պիտի գրի և հեռանա՝ Գառնիկ Մարգարյանի և Ռաֆայել Զաքարյանի նման, որոնց ստիպեց «Վահեի պատճառով» ազատման դիմում գրել ու հեռանալ, որպեսզի «Վահեն այլևս իրենց մասին չգրի»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով