ՀՀ ՆԳ նախարարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում բնակվող, սակայն ՀՀ քաղաքացիություն չստացած անձինք չեն կարող մասնակցել խորհրդարանական ընտրություններին։
Ավելի վաղ փաստաբան Ռոման Երիցյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշել էր, որ արցախցիները նույնիսկ առանց ՀՀ քաղաքացիություն ստանալու կարող են ընդգրկվել ընտրողների ցուցակներում և մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Նա ներկայացրել էր նաև անհրաժեշտ քայլերը։
ՆԳՆ–ն, սակայն, հիշեցրել է, որ ՀՀ Սահմանադրության և «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ համապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն միայն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։
Գերատեսչության պարզաբանմամբ՝ Արցախից տեղահանված անձինք Հայաստանում ստացել են ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի կարգավիճակ, ուստի հունիսի 7-ին նախատեսված ԱԺ ընտրություններին մասնակցելու միակ տարբերակը ՀՀ քաղաքացիություն ստանալն է։
Նախարարությունը նաև նշել է, որ արդեն տասնյակ հազարավոր արցախցիներ ստացել են ՀՀ քաղաքացիություն և կարող են մասնակցել ընտրություններին։
Ավելի վաղ Ռոման Երիցյանը հղում էր արել դատարանների երեք ուժի մեջ մտած որոշումների, որոնցով, ըստ նրա, ՆԳՆ–ին և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությանը պարտավորեցվել էր Արցախի անձնագիր ունեցող անձանց ներառել ընտրացուցակներում։
Սակայն ՆԳՆ–ն պնդում է, որ նման որոշումներ Վարչական դատարանը չի կայացրել, և խոսքը վերաբերում է Քաղաքացիական դատարանի վճիռներին։ Գերատեսչությունը տեղեկացրել է նաև, որ այդ վճիռները բողոքարկվել են Վերաքննիչ դատարանում։