Իր քննադատական, ՔՊ-ականներին ոչ հաճելի գրառումների համար աշխատանքից ազատված Սրբուհի Աթանեսյանը հաղթել է դատարանում ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին և հիմա պետք է վերականգնվի այն հաստիքում, որը կրճատել են, որ իրեն ազատեն աշխատանքից։ Նա Քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի գլխավոր մասնագետն էր, որին Ալեն Սիմոնյանի ընկեր, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանն այս տարվա սկզբին ազատել էր աշխատանքից, քանի որ իրեն ու ՔՊ վերնախավին դուր չէին եկել Աթանեսյանի քննադատական գրառումները։
MakaryanNews-ի հետ զրույցում Սրբուհի Աթանեսյանը պատմեց, որ իր դեմ հալածանքները դեռ 2021-ից են սկսվել, երբ տարբեր առիթներով փորձել են սահմանափակել իր աշխատանքը, և, ի վերջո, սեպտեմբերին գրած իր մի գրառումից հետո նրան ապօրինի կերպով հեռացրել են աշխատանքից։
«Ես 12 տարի աշխատել եմ ԱԺ-ում՝ 2013-2026 թ․ հունվարի 7-ը, և երբևէ այսպիսի աշխատակազմ, այսպիսի անմակարդակություն, այսքան քաղաքականացված վիճակ երբևէ չեմ տեսել։ Ամբողջական բաժիններ զբաղվել են ամբողջ հանրապետության թերթերով, ֆեյսբուքյան էջերով, որ տեսնեն, թե մարդկանց մոտ ինչ է կատարվում, ինչով են զբաղված մարդիկ, ինչ գրեցին, ում ժպտացին, ում լայք դրեցին։ Մի անգամ արդեն 2021-ին կանչել էր ինձ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը և ասել էր, որ իմ ֆեյսբուքյան էջում կան իրենց համար անընդունելի գրառումներ, ես բացատրել էի, որ իմ ֆեյսբուքյան էջը իմ անձնական տիրույթն է, բայց իրենք ինձ առաջարկում էին՝ դիմում գրել և գնալ։ Այդ պահին դիմում չգրեցի, դուրս չեկա՝ պայքարեցի, մնացի, բայց արդեն պարզ էր, որ ուզում են ինձ աշխատանքից զրկել։ Տալիս էին այնպիսի հանձնարարություններ, որ ես ինձ նվաստացած զգամ, անընդհատ խնդիրներ էին առաջացնում ինձ համար, ցածր էին գնահատում պետծառայողի հաշվետվությունը, որ զրկեին պարգևավճարից, մի խոսքով՝ ամեն ինչ անում էին, որ ես ինքնակամ գնամ»,-MakaryanNews-ի հետ զրույցում պատմեց Սրբուհի Աթանեսյանը։
Ի վերջո, վերջին կաթիլը եղել է այն, երբ 2025 թ․ սեպտեմբերի 30-ին Աթանեսյանի՝ որպես ծնող և մանկավարժ, դպրոցում հարցազրույց էին վերցրել այն մասին, որ երեխաներից ուզում են վերցնել հեռախոսները, ինքը այդ հարցազրույցը տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջում և գրառում կատարել, որ ամենակարևորը այսօր դա չէ, այլ դասագրքերն են, չափորոշիչներն են, կրթական համակարգի վիճակն է, ծրագրերն են և առաջին դասարանի այբբենարանում Մեսրոպ Մաշտոցի նկարը QR կոդով ներկայացնելն է։
Դրանից որոշ ժամանակ անց ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը կանչել է Սրբուհի Աթանեսյանի բաժնի պետին և ասել, որ Աթանեսյանը պիտի դիմում գրի-գնա, քանի որ վերջինս քննադատել է պետական կառույցը, իսկ թե որ կառույցը՝ չի նշել (ԿԳՄՍ նախարարությո՞ւնը նկատի ուներ, թե՞ Երևանի քաղաքապետարանը), միայն ասել է, թե՝ «առանց այդ էլ Աթանեսյանը շատ է ավել-պակաս խոսում, թող ինքնակամ դիմում գրի, դուրս գա, թե չէ իրեն հանելու ձևերը շատ են»։
«Այդ ընթացքում նոր վարչության պետ էին ընդունել՝ Կարեն Հակոբյանը, որը սկսել էր իմ դեմ զեկուցագրեր գրել, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը, որը վաղուց տրամադրված էր իմ դեմ և ցանկացած առիթ փնտրում էր ինձնից ազատվելու համար (ատելության պատճառը չգիտեմ), անմիջապես, Կարեն Հակոբյանի ձեռքով երեք հատ զեկուցագիր է գրել տալիս, ինձ տրվում է երեք նկատողություն, որոնք ես որոշում եմ վիճարկել դատական կարգով։ Հետադարձ թվով ապօրինի փոխվում է իմ պաշտոնի անձնագիրը և այդ հիմքով իմ նկատմամբ ծառայողական քննություն են անցկացնում և վերջապես ազատում են աշխատանքից։ Մինչև իրենք կհասցնեին ազատել, ես դիմում եմ դատարան։ Իմ ներկայացուցիչ Արսեն Թավադյանը դեկտեմբերի սկզբին հայց է ներկայացնում դատարան, և հունիս առաջին օրերին ուշացած հրապարակվում է վճիռը, որ իմ հայցը լիովին բավարարվել է, այսինքն՝ ապօրինի են ճանաչվել, չեղարկվել են Դավիթ Առաքելյանի ստորագրած հրամաններն ու նրա անցկացրած ծառայողական քննությունը, և ես ոչ միայն գումար եմ ստանալու պարապուրդում անցկացրած հինգ ամիսների համար, այլև պետք է վերականգնվեմ իմ հաստիքում։ Հաստիքս ապօրինի կրճատել են իրենք, և, փաստորեն, դատարանը հիմա պարտադրում է վերականգնել ինձ այդ հաստիքում։ Մնացածը կերևա մեկ ամսվա ընթացքում»,- ասաց Սրբուհի Աթանեսյանը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ