Երեկ MakaryanNews-ը մի տեսանյութ և դրան կից հոդված էր հրապարակել այն մասին, թե ինչպես են «Վիվառո» ընկերության շենքում հեռարձակվող ազարտային խաղերի շոուում «օգտագործում» պատերազմում երկու թևը կորցրածի կերպարը։ Մասնավորապես, տեսանյութում երևում է, որ 44-օրյա պատերազմի մասնակից Վարազդատ Սանեյանը մասնակցում է Երևանում գտնվող «Վիվառո» ընկերության գրասենյակից ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համար հեռարձակվող օնլայն խաղատան շոու ծրագրում՝ որպես դիլեր և իր կերպարով, փաստացի, նպաստում մոլեխաղերի պրոպագանդային։ Ու թեև մենք գրել էինք, թե «Վիվառոյի» Վիգենն օգտագործում է պատերազմի մասնակցի կերպարը, սակայն նաև նշել էինք, որ դա տեղի է ունեցել հենց իր՝ Վարազդատի համաձայնությամբ և կամքով։
Մեր հրապարակումից հետո MakaryanNews-ի հետ կապ հաստատեց ինքը՝ Վարազդատ Սանեյանն ու պարզաբանեց, որ ինքը գովազդային առաջարկ է ստացել այդ ծրագրում նկարահանվելու համար, և երկար ծանրութեթև անելուց հետո, ի վերջո, համաձայնել է գումարի դիմաց նկարահանվել, քանի որ երկու թևից զրկված լինելով՝ ինքը այլ աշխատանքով գումար վաստակելու հնարավորություն չունի, և մնացել է ընդամենը պետության տված 315 հազար դրամ թոշակի հույսին։
«Ես գովազդային առաջարկ եմ ստացել, իրենք դրսից եկած մարդիկ էին, «Վիվառոյի» շենքում է նկարահանվել է, ու ասացին՝ Հայաստանում չի ցուցադրվելու։ Հիմա էդ տեսանյութը նայելով՝ վատ մեկնաբանություններ են գրում իմ մասին։ Ես չեմ ցանկանա, որ իմ կարգավիճակում որևէ մեկը հայտնվի, բայց կցանկանամ, որ էդ վատ մեկնաբանություն գրողները մի պահ պատկերացնեն իմ կարգավիճակն ու հասկանան, թե ինչու եմ ես էսօր իմ համաձայնությունը տվել, որ նկարահանվեմ էդ գովազդում։ 2020 թվականից մինչ օրս ես աշխատանք չեմ ունեցել, չեմ կարողացել մի տեղ աշխատել, որովհետև ամեն աշխատանք հիմնականում ձեռքերի հետ է կապված»,- MakaryanNews-ի հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց 44-օրյա պատերազմում վիրավորված Վարազդատ Սանեյանը։
—Այդ ամենը շատ լավ հասկանալով հանդերձ՝ Դուք գիտակցե՞լ եք, արդյոք, որ Ձեր կերպարով և կարգավիճակով նկարահանվելով նմանատիպ գովազդում՝ ինքներդ էլ Ձեր կողմից եք նպաստում ազարտային խաղերի տարածմանն ու պրոպագանդային։
-Չէ, էդ ամեն ինչը մտքովս չի անցել, որովհետև ես չեմ պատկերացրել, ու էլի եմ ասում՝ ինձ ասել էին, որ էս ամեն ինչը Հայաստանում չի տարածվելու։
—Իսկ որքա՞ն գումարի դիմաց եք համաձայնել նկարահանվել։
-Գումարը սկզբում եղել է 300 հազարից մի քիչ ավելի, բայց հետո, քանի որ ձգձգվեցին նկարահանումները, ասացի, որ գումարը պիտի ավելացնեք, ու արդյունքում եղավ 750 հազար դրամ։
—Իսկ չե՞ք կարծում, որ նույնիսկ եթե Դուք կարիքից դրդված՝ համաձայնել եք այդ առաջարկին, առաջարկ արած ընկերությունն էլ իր կողմից է օգտագործել Ձեր կարգավիճակը ազարտային խաղերի գովազդի համար։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դրան։
-Էսպես ասեմ, էսօր, եթե ես էդ որոշումը կայացրել եմ, էլի եմ ասում՝ 2020 թվականից մինչև օրս իմ էս կարգավիճակից ելնելով՝ չեմ կարողանում գումար վաստակել, ճիշտ է, պետությունը ամսական 315 հազար դրամ է տրամադրում ինձ, բայց դա էն գումարը չէ, որ ես կարողանամ իմ ընտանիքը պահել։
—Իսկ բացի այդ թոշակից, որ ամսական ստանում եք, որևէ այլ ձևով պետությունը չի՞ աջակցում Ձեզ, որ կարողանաք Ձեզ հարմար աշխատանք գտնել և միայն այդ թոշակի հույսին չմնաք։
-Դեռևս չի եղել նման բան, պրոթեզներիս հարցով եմ միշտ մտածել, որ գոնե լինի էնպիսի պրոթեզ, որ ես կարողանամ ձեռքերս աշխատեցնել ու հասկանամ՝ ինչով կարող եմ զբաղվել։ Ու հիմա, երբ մարդիկ էդ տեսանյութը տեսնում են ու մեկնաբանություններ են գրում՝ մեղադրելով պետությանը կամ «Վիվառոյի» Վիգենին, ես Վիգենին չեմ էլ տեսել, որ էդտեղ մտել-դուրս եմ եկել։ Դրսի էդ կազմակերպիչները, որ կազմակերպել են էդ նկարահանումները, իրենց հետ եմ մտել էդտեղ, դուրս եկել։ Ու էլի եմ ասում՝ ես, որ իմացել եմ՝ Հայաստանում չի ցուցադրվելու, և իմացել եմ, որ դա ընդամենը գովազդ է, ես չեմ մտածել էն պահերի մասին, որ Դուք ասացիք՝ ինձ օգտագործում են, ես նմանատիպ բաների մասին չեմ մտածել։ Էսպես ասեմ, 2021 թվականին էլ Թայլանդից իմ պրոթեզների համար 15 հազար դոլար գումար էի փոխանցել, բայց ինձ խաբեցին, ու դրա մասին ոչ ոք չիմացավ, չտարածեց։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ