Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ընթացքում ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ մամուլում արձանագրվել են ընտրական ծրարների թափանցիկության դեպքեր՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/44 և 7/40 ընտրատեղամասերում։
Նրա խոսքով՝ հիմք են ընդունվել ոչ միայն ԶԼՄ-ների հրապարակումները, այլև դրանց կից լուսանկարները, որոնցում, ըստ Օրբելյանի, հստակ երևում է ծրարների թափանցիկությունը։
Փաստաբանը նշել է, որ ընտրատեղամասերի մեծ մասը տեղակայված է լավ լուսավորված դպրոցներում և այլ հանրային շենքերում, ինչի պայմաններում, ըստ նրա, նույնիսկ մուգ գույնի ծրարների միջով հնարավոր է տեսնել քվեաթերթիկի համարը։
«Երբ ընտրողը մոտենում է ծրարը ձեռքին, որպեսզի դրա վրա փակցվի կտրոնը, բավարար լուսավորության պայմաններում այդ գործողությունն իրականացնող անձը կարող է տեսնել այդ թիվը»,– նշել է Օրբելյանը։