ԱՄՆ սենատորները ներկայացրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի թարմացված տարբերակը, որը մեղմացնում է Չինաստանի, Հնդկաստանի և ռուսական էներգակիրների այլ խոշոր գնորդների նկատմամբ նախատեսված մաքսատուրքերը։ Reuters-ի փոխանցմամբ՝ նախկինում առաջարկվող 500% մաքսատուրքի փոխարեն այժմ սահմանվում է մինչև 100%։
Նախագիծը նախատեսում է նաև պատժամիջոցներ ռուսական «ստվերային նավատորմի», ֆինանսական հաստատությունների և խոշոր էներգետիկ նախագծերի նկատմամբ։ Միաժամանակ այն Թրամփին հնարավորություն է տալիս ազգային շահերից ելնելով ժամանակավորապես չեղարկել սահմանվող պատժամիջոցները։
Օրինագիծը վայելում է թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատ սենատորների աջակցությունը, և նախաձեռնողները վստահ են, որ այն ընդունվելու լավ հնարավորություններ ունի։