Բաց աղբյուրների հիման վրա իրականացված հաշվարկների համաձայն՝ Ուկրաինայում պատերազմի ընթացքում զոհված ռուսաստանցի զինծառայողների հաստատված թիվը հասել է 258 989-ի։
Տվյալները հրապարակվել են «Մեդիազոնա»-ի, BBC-ի ռուսական ծառայության և կամավորների թիմի համատեղ հետազոտության շրջանակում։ Հաշվարկը հիմնված է հրապարակայնորեն հասանելի և ստուգված տեղեկությունների՝ այդ թվում՝ զինծառայողների հարազատների գրառումների, տեղական լրատվամիջոցների հրապարակումների և տարածաշրջանային իշխանությունների հաղորդագրությունների վրա։
Հաստատված զոհերի թվում է շուրջ 7,7 հազար սպա։ Հետազոտողները նաև հաստատել են 17 բարձրագույն զինվորականների, այդ թվում՝ գեներալների մահվան դեպքերը։
Հաշվարկների համաձայն՝ 2022 թվականի մոբիլիզացիայի շրջանակում զորակոչվածների շրջանում հաստատված զոհերի թիվը գերազանցում է 20,5 հազարը։ Հետազոտողները նշում են, որ այս ցուցանիշը կարող է թերագնահատված լինել, քանի որ մոբիլիզացված զինծառայողների մասին տեղեկատվությունը հաճախ հասանելի չէ հանրային աղբյուրներում։
Հետազոտության տվյալներում նշված զոհերի միջին տարիքը 37,8 տարի է։
Միաժամանակ, զեկույցի հեղինակները ընդգծում են, որ 258 989 թիվը չի արտացոլում զոհերի իրական ամբողջական թիվը։ Ցուցակում ներառվում են միայն այն դեպքերը, որոնք հնարավոր է եղել հաստատել բաց և ստուգելի աղբյուրների միջոցով, ուստի իրական կորուստների թիվը կարող է ավելի բարձր լինել։