Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել է, որ հեռանում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից՝ ամփոփելով 20 տարվա աշխատանքը։
Ֆեյսբուքյան գրառմամբ նա նշել է, որ 2006 թվականին ստանձնելիս հայկական բասկետբոլը ծանր վիճակում էր՝ առանց ազգային հավաքականների, կանոնավոր առաջնությունների և զարգացման համակարգային ծրագրերի։ Նրա խոսքով՝ տարիների ընթացքում հաջողվել է վերակենդանացնել մարզաձևը և ձևավորել կայացած ու զարգացող ֆեդերացիա։
Ռոստոմյանը շնորհակալություն է հայտնել մարզիկներին, մարզիչներին, մրցավարներին, ակումբներին, գործադիր կոմիտեի անդամներին, գործընկերներին, հովանավորներին և բոլոր նրանց, ովքեր նպաստել են հայկական բասկետբոլի զարգացմանը։
Նա նաև հաջողություն է մաղթել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նոր նախագահին և թիմին՝ վստահություն հայտնելով, որ նրանք կշարունակեն զարգացնել հայկական բասկետբոլը և նոր հաջողությունների կհասնեն միջազգային ասպարեզում։