Այսօր Ջավախքի Փոկա գյուղում տոն էր. փոկացիները առաջին անգամ մեծ շուքով նշեցին գյուղի հիմնադրման օրը:
Փոկան Վրաստանի Նինոծմինդայի շրջանի հայաբնակ գյուղերից է, որը գտնվում է չքնաղ Փարվանա լճի ափին: Այն մեծ ավանդույթներով հարուստ գյուղ է, որտեղ բնակվում են միայն հայեր` ամուր պահելով հայկական արմատներն ու ավանդույթները վրացական հողում: Փոկան նաև հերոսներ տված գյուղ է, արմատներով այստեղի է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանը:
Փոկացիները տարածաշրջանում հայտնի են իրենց պատվախնդիր, մի քիչ էլ կռվարար բնավորությամբ: Նրանց մասին նաև լեգենդի վերածված իրական պատմություններ կան, օրինակ` ժամանակին, երբ թուրքերը ձիով անցնելիս են եղել Փոկայի միջով, փոկացիները ստիպել են նրանց իջնել ձիուց և գլխիկոր ոտքով անցնել Փոկայի միջով:
Փոկայի տոնը գեղեցկացնելու համար այսօր հայտնի երգիչ-երգչուհիներ էին ժամանել գյուղ` Սոֆի Մխեյանը, Ռուբեն Սասունցին, Մասիս Հունանյանը, Մավր Մկրտչյանը և այլք:
Տոնախմբությունը վերջում շարունակվեց գյուղի ակումբում` կերուխումով:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ