Պաշտպանության նախարարությունում վերջին օրերի կադրային ջարդը, համակարգի մեր աղբյուրի բնորոշմամբ, սոսկ քավության նոխազ գտնելու օպերացիա կարելի է բնորոշել:
Մենք գրել էինք, որ Փաշինյանն անչափ դժգոh է «զորավար» Սուրեն Պապիկյանից, ընտրություններից հետո անգամ նրա վերանշանակումն էր հարցականի տակ, քանի որ Փաշինյանը նախատել էր, որ խաղաղ պայմաններում մի առաքելություն ունի՝ զորքի բարոյահոգեբանական մթնոլորտը նորմալ պահելը, այն էլ չի կարողանում ապահովել, եւ բազում մահեր են գրանցվում հիմա բանակում:
Բայց քանի որ հարմար, կամակատար կադր չուներ, որոշեց Պապիկյանին շանս տալ: Նա էլ բանակում կադրային ջարդով է փորձում ապացուցել, որ ինքը մեղավոր չէ, ենթակաները լավ չեն աշխատում: Սակայն նոր նշանակումներն էլ ավելի են խաթարել բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը, այս անգամ՝ արդեն սպայակազմում:
Մեզ ասացին, որ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նշանակելը հերթական անգամ փոթորկել է հրամկազմի շարքերը, այստեղ անասելի ծանր են տանում «միլիցիաների» մուտքը բանակ: Ընդ որում՝ լսել են, որ Հովհաննիսյանը մտադիր է նախկին կոլեգաներին էլ իր հետեւից ՊՆ տանել, եւ արդեն իսկ բողոքի ձայն են բարձրացրել, ինչի արդյունքում Հովհաննիսյանին զգուշացվել է, որ զգուշորեն եւ սահուն կերպով նշանակումներն անի, միանգամից ՊՆ ՌՈ-ն չդարձնի ոստիկանության բաժին:
Հիշենք, որ համակարգում մի կերպ են հանդուրժում նաեւ փոխնախարար Արման Սարգսյանին, որը նույնպես նախկին ոստիկանապետ է: