Արշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել կարգալույծ նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) դեմ՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները և իրեն վճարել 999 դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Հայցի հիմքում սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում «Ինչպե՞ս բարեփոխել եկեղեցին. Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքում Ասատրյանի արած հայտարարություններն են։

Մասնավորապես, Ասատրյանը հաղորդման ընթացքում անդրադարձել է եկեղեցու ներսում ենթադրյալ մանկապղծության դեպքերին, ինչպես նաև շոշափել Արշակ Սրբազանի անունը՝ նրա և քեռակնոջ հարաբերությունների վերաբերյալ հայտարարություններ անելով։

Հաղորդման մասնակից Մեսրոպ Մանուկյանի դիտարկմանը, որ այդ պնդումները միջազգային փորձաքննությամբ չեն հաստատվել, Ասատրյանը շարունակել է պնդել իր ասածը՝ անդրադառնալով նաև Արշակ Խաչատրյանի՝ եպիսկոպոսի պաշտոնում գտնվելու հարցին։

Արշակ Սրբազանի պնդմամբ՝ նշված հայտարարությունները զրպարտություն են։ Նա դատարանից պահանջում է պարտավորեցնել Ասատրյանին հերքել դրանք՝ հերքումը հրապարակելով նույն լրատվամիջոցով։ Հայցում նշվում է նաև, որ եթե դա հնարավոր չլինի, հերքումը պետք է հրապարակվի Հայաստանի Հանրապետությունում գործող առնվազն 1000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում։

Բացի հերքումից, Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը պահանջում է հօգուտ իրեն բռնագանձել 999 դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Հայցադիմումը մակագրվել է Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին։

 

Կիսվել նյութով