Պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով պաշտոնեական անփութության մեղադրանք է առաջադրվել Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ իրավապահների՝ Նազարյանը պատշաճ չի իրականացրել սպանության գործի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողությունը, ինչի հետևանքով 2000 թվականին քննիչը դադարեցրել է Սասուն Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ չնայած նրա առնչությունը սպանությանը հաստատող մի շարք ապացույցների առկայությանը։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ պատշաճ հսկողության բացակայության պատճառով սպանությանը մասնակցելու մեջ կասկածվող ևս մեկ անձի նկատմամբ ժամանակին քրեական հետապնդում չի հարուցվել։ Արդյունքում նա շուրջ 25 տարի քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Միայն 2025 թվականի հուլիսին նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, հայտարարվել է հետախուզում։
Նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութության հոդվածով։ Նախաքննությունը շարունակվում է։