Փետրվարի 12-ից վրացական սահմանին կանգնած հայկական բեռնատարների վարորդները սկսել են հատել վրաց-հայկական սահմանն ու մուտք գործել Հայաստան։ Դրա համար էլ մի քանի օրն է՝ նրանց ձայնը չի լսվում, այլևս մամուլի միջոցով չեն բարձրաձայնում իրենց անելանելի վիճակի մասին, որ կառավարութունը լկսի ու քայլերն ձեռնարկի։
MakaryanNews-ը տեղեկացավ, որ վարորդներն իրենք են իրենց գլխի ճարը տեսել ուժերով՝ համախմբվելով և սեփական ուժերով խնդրի լուծումը գտնելով։ Հիշեցնենք, վրացի մաքսավորները, որ հեղուկ գազ ներկրողների ու կոնյակ արտահանողներից «լևի» փող էին պոկում և ապօրինի հարստանում, հիմա էլ որոշել են փայտանյութ և նմանատիպ այլ ապրանքներ ներկրողներից փող պոկել։ Դրա համար էլ փայտանյութով բեռնված մեքենաները փետրվարի 12-ից կանգնեցրել էին սահմանին ու բաց չէին թողնում՝ դրա դիմաց «լևի» փող պահանջելով։ Այսինքն՝ կոռուպցիոն գործարք են առաջարկում հայ վարորդներին, որի դեմը ոչ մի կերպ չի կարողանում առնել ՀՀ կառավարությունն ու դրա անդամ հանդիսացող «ամենակարող» նախարար Գևորգ Պապոյանը։ Արդյունքում փետրվարի 12-ից ի վեր՝ վրացական տերմինալներում և վրաց-հայկական սահմանին դեպի Հայաստան ուղևորվող հարյուրավոր բեռնատարներ էին կուտակվել, ինչն արդեն լուրջ խնդիր էր առաջացրել հենց վրացիների համար։ Հայ վարորդներն էլ, օգտվելով այդ առիթից, որոշել են համախմբվել և միաբերան մերժել վրացի մաքսավորների պահանջներն ու որևէ գումար չվճարել իրենց, որը փաստացի ոչ այլ ինչ է, քան կաշառք։ Ի վերջո, վրացական կողմը, տեսնելով, որ իրենց ուզածին չեն հասնում՝ փող չեն կարողանում «քերել» հայ վարորդներից, մեքենաներն էլ գնալով ավելանում են՝ լուրջ խնդիրներ առաջացնելով իրենց սահմանին և տերմինալներում, որոշում են բաց թողնել հայկական մեքենաները։
Դրա համար էլ վարորդների ձայնը դուրս չի գալիս, մի քանի օր է՝ այլևս աղմուկ չեն բարձրացնում այս թեմայով։ Եթե MakaryanNews-ին այս տեղեկությունը չհայտնեին, կարելի էր կարծել, թե երեկ երկօրյա աշխատանքային այցով Վրաստան մեկնած ու վրացիների համար թմբուկ խփած Նիկոլ Փաշինյանն ու նրա հզոր նախարար Գևորգ Պապոյանն են կարգավորել խնդիրը։ Բայց՝ ոչ․ հայ վարորդներն իրենք են իրենց համատեղ ջանքերով, փաստացի՝ վրացի մաքսավորներին լուռ դիմադրություն ցույց տալով և նրանց փաստի առաջ կանգնեցնելով՝ իրենց հարցերը լուծել։ Հակառակ պարագայում, հիմա Նիկոլ Փաշինյանը, իր հետևից էլ՝ Գևորգ Պապոյանը, ամեն անգամ հայ-վրացական դարավոր բարեկամության կենացը խմելուց առաջ և հետո լայվ էին մտել ու հերոսաբար պատմել, թե ինչպես իրենք գնացին, վրացիների հետ բանակցեցին և միանգամից կարգավորեցին խնդիրը։ Մինչդեռ, նրանք, իրականում, այս ընթացքում վրացական կողմի հետ ոչ մի խնդիր էլ չեն կարգավորել, ավելին՝ ամեն անգամ վրացի պաշտոնյաների հետ այս հարցերի շուրջ բանակցելուց հետո խնդիրն էլ ավելի է խորացել։ Վրացի մաքսավորները, ըստ էության, փողի համը առել են ու չեն ուզում հրաժարվել հայ գործարարների հաշվին կտրուկ հարստանալու գայթակղիչ հնարավորությունից։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ