Ինձ ուղիղ մեկ շաբաթից զանգեք, ես Ձեզ կասեմ․ Վալերի Օսիպյան

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո ոստիկանապետ դարձած ու գեներալի կոչում ստացած Վալերի Օսիպյանն այսօր Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակ ունի։ Նրա հետ միասին նույն գործով մեղադրյալ է նաև ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը՝ հայտնի Բազազ մականունով։

Նրանք արդեն հարցաքննվել են Հակակոռուպցիոն կոմիտեում։

MakaryanNews-ի հետ զրույցում Վալերի Օսիպյանը չցանկացավ մանրամասներ հայտնել հարցաքննությունից՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է։ Առհասարակ, նախկին ոստիկանապետը չէր ցանկանում որևէ բառ ասել այս գործով, այդ թվում՝ սպասելի՞ էր իր համար, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք կառաջադրի իրեն այս գործով, թե՞ ոչ։

«Ես ոչ մի բան չեմ պատասխանի»,- ասաց պարոն Օսիպյանը։

Փորձեցինք ճշտել ուղիղ՝ սա իր նկատմամբ քաղաքական հետապնդո՞ւմ է համարում, թե՞ ոչ։

«Ծիծաղս գալիս է Ձեր հարցից, Դուք էլ գիտեք՝ ես ինչ եմ պատասխանելու, բայց կլռեմ։ Դուք ինձ ուղիղ մեկ շաբաթից զանգեք, ես Ձեզ կասեմ, կլինի՞։ Ես Ձեզ խոսք եմ տալիս։ Եկող հինգշաբթի զանգահարեք, ես Ձեր հարցերին կպատասխանեմ»,-խոստացավ նախկին ոստիկանապետը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով