Երևանի քաղաքապետարանում կա երկու պաշտոնյա, որ աշխատանքի չեն գնում, բայց աշխատավարձ են ստանում։ Նրանցից մեկը Հասարակական կարգի պահպանման ծառայության պետ Արամ Գյուլզադյանն է, մյուսը՝ տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։ Երկուսն էլ անցնում են քրեական գործով, ինչի պատճառով նրանց լիազորությունները առժամանակ կասեցվել են՝ աշխատանքի չեն գնում, բայց պաշտոնից չեն ազատվել։
Եթե Վազգեն Հարությունյանի պաշտոնավարումը կասեցվել է այս տարվա հունվարից, ապա Արամ Գյուզադյանը , որի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել կաշառքի ու չարաշահումների գործով, անցյալ տարվա մայիսից է, որ աշխատանքի չի գնում, բայց աշխատավարձ է ստանում։
Երևանի քաղաքապետարանից MakaryanNews-ի հարցմանն ի պատասխան՝ հաստատեցին այս իրողությունը․
«Տեղեկացնում եմ, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 108.1-ին հոդվածի՝ Արամ Դրաստամատի Գյուլզադյանին 2025 թվականի մայիսի 21-ից տրվում է ամսական հատուցում՝ հիմնական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, իսկ Վազգեն Կարենի Հարությունյանին 2026 թվականի հունվարի 21-ից տրվում է ամսական հատուցում՝ հիմնական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով»։
Փաստորեն, այս մարդիկ որևէ աշխատանք չեն կատարում, բայց մեր վճարած հարկերի հաշվին իրենց աշխատավարձի 50 տոկոսի չափով «աշխատավարձ» են ստանում։ Ընդ որում, եթե Հարությունյանը այս կարգավիճակում ընդամենը երկու-երեք ամիս է, ապա Գյուլզադյանը մեկ տարուց ավելի է։ Նրա պարտականություններն այժմ կատարում է իր՝ վերջերս սկանդալի մեջ հայտնված տեղակալ Ավետ Բաբայանը, որը փաստացի կատարում է Գյուլզադյանի պարտականությունները, բայց վճարվում է նրանից քիչ։
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Արամ Գյուզադյանին քանիցս հորդորել են, որ դիմում գրի, հեռանա, քանզի հայտնի չէ՝ իր քրեական գործը որքան կձգվի և իր մասով ինչ վճիռ կկայացվի, բայց Գյուզադյանը, հավանաբար ոմանց հանդեպ իր նեղ-անձնական ամբիցիաներից կամ վրեժխնդրությունից ելնելով՝ ոչ մի կերպ չի համաձայնում դիմում գրել։ Տիգրան Ավինյանն էլ չի կարողանում նրան այնպես հորդորել, որ դե ֆակտո չաշխատող պաշտոնյան նաև դե յուրե ազատվի աշխատանքից՝ բյուջեի վրա ավելորդ բեռ չառաջացնելով։ Երևի Ավինյանը մտածում է՝ միևնույն է, իր գրպանից չեն վճարում, թող մնա՝ փող ստանա, գլուխը պահի երևանցիների վճարած հարկերի հաշվին։ Ի դեպ, մեր տեղեկություններով՝ հենց այդ տրամաբանությունից ելնելով էլ նրան պահում են այդ հաստիքին, որովհետև ուրիշ տեղ չի կարող աշխատել, լավության կարգով թողել են, որ մնա՝ աշխատավարձ ստանա։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ