Վարժական հավաքների մասնակիցներից MakaryanNews-ին ահազանգում են, որ իրենք մի շաբաթ է՝ գտնվում են Բաղրամյանի «պալիգոններում», որտեղից պետք է մեկ օրով տուն գնան, նախապատրաստվեն, իրենց կարգի բերեն, և հաջորդ օրը մեկնեն Վարդենիսի դիրքեր՝ ծառայության, սակայն ՊՆ-ն հրաժարվում է իրենց տուն ուղարկել։
Մեզ ասացին, որ իրենք մի շաբաթ է՝ չեն լողացել, ՊՆ-ն իրենց չի ապահովում պատշաճ պայմաններով, որ լոգանք ընդունեն, իրենց կարգի բերեն, նոր գնան դիրքեր, բայց չեն թողնում։
Ասացին՝ պատճառը, իբրև թե, Գորիսում տեղի ունեցած միջադեպն է, այնտեղ վարժական հավաքների մասնակիցները խմել են և կռվի բռնվել հրամանատարների հետ, ինչից հետո Գլխավոր շտաբի պետը կամ անձամբ նախարար Սուրեն Պապիկյանը որոշվել է պատժել վարժական հավաքների բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ Բաղրամյանում գտնվողներին, որոնց անհասկանալի տրամաբանությամբ թույլ չեն տալիս գնալ տուն՝ լողանալ, թարմանալ, իրենց կարգի բերել, նոր մեկնել դիրքեր։
«Մեր ՄՈԲ-երի մոտից էս յոթ օրվա ընթացքում անգամ մի հեռախոս չեն վերցրել, մի հատ կռիվ չի եղել, կամ չի եղել մի հրաման, որ չի կատարվել, մի հատ չեպե չի եղել մեր մոտ, ու հիմա մեզ պիտի ուրբաթ օրը ուղարկեն դիրքեր, բայց չեն ուղարկում։ Զանգում ենք ՊՆ կամ թեժ գիծ՝ չեն վերցնում կամ վերցնում են, ասում են՝ դա հրամանատարը պիտի լուծի ու անջատում են»,-MakaryanNews-ի հետ զրույցում ասացին մեկ շաբաթ առանց լոգանքի մնացած վարժական հավաքների մասնակիցներից մեկը։
Փաստորեն, երեկ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ճիշտ էր ասում, որ զինվորները շաբաթը մեկ են լողանում, հիմա այս մարդկանց անգամ այդ շաբաթը մեկ լողանալու հնարավորությունից էլ են զրկում, քանի որ, եթե թույլ չտան՝ գնան տուն և միանգամից ուղարկեն դիրքեր, այնտեղ ևս օրերով լողանալու հնարավորություն չեն ունենա։
«Շաբաթը մեկ լողանալն էլ ծանոթի հաշվով ա։ Դիրքերինը մի տեղ հասկանալի ա, եթե մեզ, օրինակ, ասեին՝ 25 օրով գնալու ես դիրքեր ու չես լողանալու, հարց չկա, գնայինք՝ չլողանայինք։ Բայց, երբ որ ասում են՝ գնա, մի շաբաթ հետո դու հետ ես գալու տուն, լողանալու ես, քո վեշերը վերցնելու ես, սիգարետը վերցնելու ես, կասեինք՝ հա։ Բայց երեկ իրիկունը մեզ ասում են՝ վաղը դուք գնալու եք տուն, իսկ էսօր ասում են՝ չեք գնալու»,-ասաց վարժական հավաքի մեկ այլ մասնակից։
Մենք փորձեցինք ՊՆ-ից ևս մեկնաբանություն ստանալ այս թեմայի շուրջ, բայց չհաջողվեց կապ հաստատել։ Եթե նախարարության լրատվական ծառայությունը նյութը հրապարակվելուց հետո որոշի հանդես գալ պարզաբանմամբ, պատրաստ ենք այն ևս հրապարակել։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ