Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ»

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նախ հայտնի դարձավ ոչ թե հայկական պաշտոնական աղբյուրներից, այլ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներից։ Այնուհետև հայկական կողմը հաստատեց, որ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստանում է, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ Աղվերանում կայացել է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հերթական՝ 13-րդ նիստը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2026 թվականի ապրիլի 29-ին Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ։ Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների կազմակերպչական և տեխնիկական հարցեր, համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի, սահմանազատման քարտեզի պատրաստման, ինչպես նաև սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրապարակման կարգերի նախագծերը։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Գրիգորյանն ու Մուստաֆաևը առանձնազրույց են ունեցել «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի» շուրջ։ Բացի այդ, կողմերը, գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկել են առևտրատնտեսական համագործակցության, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումների, ինչպես նաև տարանցիկ բեռնափոխադրումների հետ կապված հարցեր։

 

Կիսվել նյութով