ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը նախնական ստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) շրջանակային համաձայնագիրը։ Բացի այդ, ստորագրվել են նաև ռազմավարական գործընկերության խարտիա և կրիտիկական հանածոների ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։
Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երևանում կայացած հանդիպման ընթացքում հայտարարել են երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված նոր քայլերի մասին։
Կողմերը նշել են, որ TRIPP ծրագրի շրջանակային համաձայնագրի նախնական ստորագրումը կարևոր փուլ է՝ տարածաշրջանում անխոչընդոտ և բազմատրանսպորտային կապերի ձևավորման ճանապարհին։ Ընդգծվել է, որ նախաձեռնությունը հիմնված է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիարժեք հարգման վրա։
Փաստաթղթով նախատեսվում է նաև «TRIPP Development Company» համատեղ ընկերության գործունեությունը, որը ստեղծվել է ԱՄՆ-ի և Հայաստանի կողմից։ Ընկերության նպատակն է զարգացնել առևտուրը, տրանսպորտային ենթակառուցվածքները և տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև արդիականացնել միջազգային և ներպետական տրանսպորտային կապերը։
Բացի այդ, Վաշինգտոնն ու Երևանը համագործակցում են ծրագրի շրջանակում իրականացվող ինժեներա-գեոդեզիական ուսումնասիրությունների ուղղությամբ։ ԱՄՆ-ը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման խթանման իր հանձնառությունը։
Հանդիպման ընթացքում ստորագրվել է նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության խարտիան, ինչպես նաև համաձայնագիր՝ կրիտիկական նշանակության օգտակար հանածոների և հազվագյուտ մետաղների արդյունահանման ու վերամշակման ոլորտում համագործակցության վերաբերյալ։
Պետքարտուղարության հայտարարության մեջ ընդգծվում է, որ այս քայլերը վկայում են երկկողմ հարաբերություններն ընդլայնելու և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու երկու երկրների պատրաստակամության մասին։