Իրականում, գործարանի աշխատակիցներն ու նաև նկարում երևացող տղամարդը` Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության ֆինանսական ղեկավար Արսեն Պողոսյանը, ճիշտ կլինի, որ նախ բողոքի ակցիա իրականացնեն «Հրազդան ցեմենտի» սնանկության կառավարիչ Արամ Խաչատրյանի գրասենյակի դիմաց, «Հայբիզնեսբանկի» նախկին ղեկավար Վիտալի Գրիգորյանվի գրասենյակի դիմաց, և, իհարկե, «Ամիօբանկի» դիմաց, որպեսզի նախ պարզեն, թե ինչու՞ են որոշել մինչև 2024 թ. օգուտով աշխատող հիմնարկը տանել սնանկության, այդ ի՞նչ 110 մլն դոլարի պարտք է գոյացել գործարանի վրա, որի վերաբերյալ քրեական գործ կա հարուցված, որովհետև այդ 110 մլն պարտքը իբր փոխանցվել է «Հրազդան ցեմենտին», բայց այդ փողի երեսը ոչ ոք չի տեսել: Կարո՞ղ է ինչ-որ մարդիկ այդ փողը «կերել են» ու հիմա այդ միլիոնները լվանալու կամ այդ բեռից ազատվելու համար են որոշել գործող հիմնարկը տանել սնանկացման, որ վաճառեն ու մաքրվեն դրանից: Կամ ինչպե՞ս է ստացվել, որ 110 մլն վարկ ստացած հիմնարկին սնանկության են տարել ընդամենը 500 մլն դրամ կամ մոտ 1.5 մլն դոլար վարկը չմարելու պատճառով:
Վերջում կարող եք մի թեթև ակցիա էլ Նարեկ Նալբանդյանի գրասենյակի դիմաց իրականացնել ու պարզել, թե ինչու՞ է որոշել մտնել այս ավանտյուրայի և կասկածելի խաղի մեջ: Նաև հարցրեք` դու իսկապե՞ս կարող ես ամբողջ ծավալով աշխատեցնել «Հրազդան ցեմենտը», այսինքն` հսկայական վառարանը գործի գցել, որի համար ամիսներ են հարկավոր ու միլիոնավոր դոլարների ներդրում, որ կարողանաս անհրաժեշտ պահեստամասեր, ինչպես նաև Ռուսաստանից հատուկ աղյուսներ ներկրել,որպեսզի վառարանի պատերին շարեն, վառարանը գործի գցեն, դրանով տեղական արտադրության կլինկեր ստանան, որից էլ` թաց տեխնոլոգիայով բարձր որակի ցեմենտ:
Թե՞ կասկածելի ծագման ու որակի (ասում են` Վրաստանով Ադրբեջանից ներկրված) կլինկերը բերել ես և ուզում ես ընդամենը աղացը աշխատեցնելով և կլինկերը աղալով` ցեմենտ ստանալ ու համարել, որ գործարանը աշխատեցրիր:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տրվեն ու տրվեն ազնիվ և թափանցիկ ձևով: Թե չէ այն, որ «Հրազդան ցեմենտը» պետք է աշխատի, և որքան շուտ, այնքան լավ, քանզի այն ռազմավարական նշանակություն ունի մեզ համար, դա կասկածից վեր է: Ու կապ չունի` ով է աշխատեցնողը, կարևորը` լինի ազնիվ իր ձեռնարկում, մարդկանց չխաբի և ավանտյուրաների մեջ չմտնի: