MakaryanNews-ի տեղեկություններով` «Հրազդան ցեմենտի» աշխատակիցներն այսօր անակնկալի են եկել, երբ իմացել են, որ պետք է ակցիայի մասնակցեն:
Բանն այն է, որ երեկ զանգահարել են ցեխի պետերին և հայտնել, որ այսօր, իբրև թե, Նարեկ Նալբանդյանը այցելելու է գործարան և ժողով անի աշխատակիցների հետ, ուստի ամեն ցեխի պետ թող իր արտադրամասի աշխատակիցներին տեղեկացնի այսօրվա հանդիպման մասին:
Այսօր, սակայն, աշխատակիցներն անակնկալի են եկել, երբ պարզել են, որ Նարեկ Նալբանդյանի հետ հանդիպման փոխարեն նրանք պետք է Նալբանդյանի կազմակերպած ակցիային մասնակցեին: Եվ սա այն դեպքում, որ «Հրազդան ցեմենտի»` շուրջ երկու տարի աշխատավարձ չստացած աշխատակիցները այսօր գործարանի մոտ հավաքվել էին Նարեկ Նալբանդյանի հետ հանդիպելու և իրենց աշխատավարձի հարցը լուծելու ակնկալիքով:
Ի դեպ, չնախատեսված ակցիային միայն «Հրազդան ցեմենտի» աշխատակիցները չէին մասնակցում: Նարեկ Նալբանդյանը Հրազդան էր ուղարկել Եղվարդից և այլ համայնքներից իր բիզնեսների աշխատակցներին, որոնք ոչ մի կապ չունեին «Հրազդան ցեմենտ» գործարանի հետ, բայց ամենաակտիվը հենց նրանք էին խոսում, իսկ գործարանի աշխատակիցներին նախևառաջ իրենց չստացած աշխատավարձերի խնդիրն էր հետաքրքում: