ՊԵԿ-ում բռնոցիները շարունակվում են. ինչպե՞ս է 40.000 տուփ մաքսանենգ սիգարետը Մեղրիով հասել «Զվարթնոց», որ Դոհայով ուղարկվի ԱՄՆ

Հեղինակ
3 արդեն րոպե ընթերցում ես

MakaryanNews-ի տեղեկություններով` մի քանի օր առաջ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատանը հերթական մաքսանենգության դեպքն է բացահայտվել: Բայց այս անգամ հենց ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն են բացահայտել` նախորդ դեպքի նման թաքցնելու փոխարեն:

Խոսքը 40․000 (40 բլոկ) տուփ մաքսանենգ սիգարետի մասին է, որը Մեղրիի անցակետով անարգել անցկացրել ու հասցրել են Երևանի «Զվարթնոց» մաքսատուն, և սենյակային դռների մեջ թաքցրած` փորձել են Դոհայով տեղափոխել ԱՄՆ, սակայն բռնվել են: Ուշագրավ է, որ այս մեխանիզմը գործել է մոտ 1.5 տարի, այսինքն` այդքան ժամանակ մաքսանենգ սիգարետներ են արտահանել ԱՄՆ, ու ոչ ոք այն չի հայտնաբերել, հիմա հանկարծ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը որոշել է բացահայտել ու բռնել մաքսանենգներին:

Իսկ ինչպե՞ս է մաքսանենգ բեռը Իրանից Մեղրիի անցակետով անարգել անցել ու հասել Երևան: Այստեղ սլաքները տանում են ՊԵԿ նախագահի զարմիկ, նախկինում ռուսական ФСБ-ի աշխատակից Տարոն Բաբայանի ուղղությամբ: Վերջինս ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետական սահմանի ցամաքային անցման կետերի օպերատիվ հսկողության բաժնի պետն է, այսինքն` բոլոր ցամաքային անցակետերի, այդ թվում` Մեղրիի անցակետի «կանտրաբանդայի» պետը: Ու քանի որ Մեղրիի մաքսատունը տևական ժամանակ է` առանց ղեկավարի է մնացել, այնտեղի փաստացի պետը հենց ՊԵԿ նախագահի հորաքրոջ որդի Տարոն Բաբայանն է: Տեսականորեն հենց նրա իմացությամբ ու դաբռոյով պետք է մաքսանենգ ու ոչ մաքսանենգ բեռները հատեն իրանա-հայկական սահմանը:

Իսկ թե գործնականում ինչպես և ում դաբռոյով է մեկ տարուց ավելի Իրանից մաքսանենգ ծխախոտ Մեղրիով մտել Հայաստան ու «Զվարթնոցով» ուղարկվել ԱՄՆ, դա թող պարզեն իրավապահները:

Հիմա ամենաուշագրավը: «Զվարթնոց» մաքսատունը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Սերգեյ Վանյանի` մեր նախորդ նյութի հերոս Բառեց Սերգեյի կուրացիայի տակ է: Վանյանը ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի բաջանաղի բանակային ընկերն է, ու հենց նա պետք է բացահայտեր այդ մաքսանենգ սիգարետները: Բայց ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Երջանիկ Հակոբյանը, որ ասում են` հակամարտության մեջ է ՊԵԿ նախագահի հետ, այս գործը բացահայտելու համար Վանյանի տարածք` «Զվարթնոց» մաքսատուն է ուղարկել իր օպերգծով տեղակալ, միաժամանակ իր ուսանողական ընկեր և հարսանիքի քավոր Գոռ Մարգարյանին:

Այսինքն` Երջանիկ Հակոբյանն իր մտերիմ ու վստահելի մարդուն ուղարկել է Էդուարդ Հակոբյանի մտերիմ ու վստահելի մարդկանց տարածք` փաստացի փորձելով ՊԵԿ նախագահի դեմ դեմարշ իրականացնել և ցույց տալ, որ նրա «մարդկանց» վերահսկողության տակ գտնվող գոտիում կոռուպցիոն երևույթներ է բացահայտում: Այսինքն` այս գործն ավելի շատ ի հեճուկս ինչ-որ մարդկանց է բացահայտվել:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով