MakaryanNews-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` օրեր առաջ արտակարգ դեպք է բացահայտվել «Զվարթնոց» օդանավակայանի մաքսատանը: Մեզ ասացին, որ մոտ մեկ տարի առաջ Երևան ժամանած քաղաքացու մոտ հայտարարագրման ենթակա 30.000 դոլար գումար է հայտնաբերվել, որը քաղաքացին ստիպված է եղել ի պահ հանձնել մաքսային ծառայողնեին, որ վերադառնալիս նորից հետ վերցնի իր փողը:
Մոտ մեկ տարի այդ գումարը մնացել է մաքսատանը, թվում է թե` ապահով ձեռքերում: Բայց մոտ մեկ շաբաթ առաջ «Զվարթնոց» մաքսատան նորանշանակ պետ Հայկ Մելքոնյանը ստուգել է ու պարզել, որ իրենց մոտ ի պահ թողնված 30.000 դոլարը կեղծ է: Մասնավորապես, դոլարների կապոցների դիմացի ու հետևի 100 դոլարանոցները իրական են եղել, իսկ մնացածը` կեղծ: Այսինքն` ինչ-որ մեկը հափշտակել է իրական դոլարներն ու տեղը կեղծ թղթադրամներ դրել:
Մենք այս տեղեկությունը ճշտեցինք Մասքսայինի հետ ուղիղ առնչություն ունեցող երեք տարբեր աղբյուրից, երեքն էլ հաստատեցին, որ այդպիսի դեպք իրապես տեղի է ունեցել:
Զանգահարեցինք նաև «Զվարթնոց» մաքսատան պետ, նույն ինքը` ՀՀ ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով փոխադրումների վարչության պետ Հայկ Մելքոնյանին, որ իրենից մեկնաբանություն ստանանք, քանզի ասացին` հենց նա է բացահայտել դեպքը:
Մելքոնյանը, սակայն, ոչ թե հերքեց կամ հաստատեց մեր տեղեկությունը, այլ հորդորեց դիմել ՊԵԿ լրատվական ծառայությանը, որպեսզի լրատվականը որոշի` դա հրապարակման ենթակա՞ ինֆորմացիա է, թե՞ ոչ: Նաև ասաց` չի հիշում, թե կոնկրետ որ դեպքի մասին է, քանզի հաճախակի են այդպիսի դեպքեր լինում իրենց մոտ: Այսինքն` չհերքեց, որ նման դեպք է տեղի ունեցել, պարզապես չցանկացավ իր վրա վերցնել պատասխանատվությունն ու մանրամասնել` թողնելով լրատվականի վրա այդ «ծանր բեռը»:
Լրատվականից էլ խոստացան ճշտել ու ասել: Դեռ սպասում ենք:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ