Մութ գործա՞րք. «Հրազդան ցեմենտը» հիմա էլ գոյություն չունեցող ընկերության են փորձում վաճառել` առանց աճուրդի

Հեղինակ
3 արդեն րոպե ընթերցում ես

MakaryanNews-ը գրել էր, որ Նարեկ Նալբանդյանին չի հաջողվում ձեռք բերել «Հրազդան ցեմենտ» ընկերությունը` չնայած նրան, որ աճուրդը իրեն պատկանող «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն էր հաղթել` ավելի քան 11 մլրդ դրամ արժեքով: Բանն այն է, որ վերջին պահին «Ամիօ բանկը» հրաժարվել է Նարեկ Նալբանդյանին տրամադրել նախապես հաստատված վարկը:

Դրանից հետո Նալբանդյանը ուղիներ է փնտրել, որ կամ երկարաձգի աճուրդով սահմանված գումարի վճարումը, կամ «Հրազդան ցեմենտը» դատարանի միջոցով վարձակալության վերցնի:

Ի դեպ, մեր տեղեկություններով` Նալբանդյանը այս օրերին սկսել է ապօրինի կերպով շահագործել «Հրազդան ցեմենտ» ընկերությունը` չնայած որ այն որևէ փաստաթղթով իրեն չի պատկանում:

Ինչևէ, հիմա էլ այլ ճանապարհ են փնտրում «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ն վերջապես վաճառելու համար:

Այսպես. MakaryanNews-ը տեղեկացավ, որ Azdarar.am կայքում մի քանի օր առաջ տեղադրվել է հայտարարություն «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ի պարտատերերի ժողով նշանակելու մասին:

Համաձայն դրա` 2026թ. հոկտեմեբրի 12-ին ժամը 12:00-ին, ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում հրավիրվում է պարտատերերի ժողով, օրակարգում «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին սեփականության և վարձակալության իրավունքով պատկանող գույքերը «Սիգմա Արմենալ » ՍՊԸ-ին 11. 104.000.000 ՀՀ դրամ արժեքով ուղղակի վաճառքի ձևով վաճառելու հարցը:

Հրավիրողը «Հրազդան ցեմենտի» սնանկության կառավարիչ Արամ Խաչատրյանն է:

Սա տարօրինակ որոշում է, քանի որ աճուրդում հաղթել է Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն, և հիմա, փաստորեն, ուզում են աճուրդին հաղթելու իրավունքը զիջել մեկ այլ ընկերության` ինչ-որ «Սիգմա Արմենալ» ՍՊԸ-ի:

Մյուս տարօրինակ և ուշագրավ հանգամանքն այն է, որ «Սիգմա Արմենալ» ՍՊԸ անունով ընկերություն գոյություն չունի: Ոչ Google որոնողական հարթակում է հնարավոր այսպիսի ընկերության մասին որևէ տվյալ հայտնաբերել, ոչ էլ Պետռեգիստրի կայքում է այս անունով ընկերություն բերում: Միայն Google-ի արհեստական ինտելեկտն է այս ընկերության մասին կցկտուր տեղեկություն հաղորդում, որ «ՍԻԳՄԱ ԱՐՄԵՆԱԼ» անվանումով գրանցված է եղել ընկերություն, որն այժմ ունի չգործող կարգավիճակ։ Այն գրանցված է եղել Կոտայքի մարզի Առինջ գյուղում և զբաղվել է «այլ անհատական ծառայությունների մատուցմամբ»։

Հիմա, փաստորեն, վաղը նախատեսվող բաժնետերերի ժողովը պետք է որոշի «Հրազդան ցեմենտը» այս չգործող և գոյություն չունեցող ընկերությանը վաճառելու հարցը: Սա կասկածելի և մութ գործարք է, և չի բացառվում, որ թղթի վրա գրած, բայց փաստացի չգործող այս ընկերության հետևում էլի հենց Նարեկ Նալբանդյանն է կանգնած, որը չկարողանալով իրեն պատկանող «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի միջոցով ձեռք բերել «Հրազդան ցեմենտը»` հիմա էլ ֆեյք ընկերության միջոցով է փորձում գործը գլուխ բերել:

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով