Երկու օր առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում: Ինչ-որ անձինք կրակել ու վիրավորել էին 2 պարեկի:
Մասնավորապես, ըստ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության` հոկտեմբերի 5-ին՝ ժամը 1:35-ի սահմաններում Կոտայքի մարզում «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, մեքենայից հրազենով կրակոցներ է արձակվել, ինչի հետևանքով պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Ձերբակալվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող 2 անձ՝ վարորդն ու ուղևորը եղել են ոչ սթափ վիճակում: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
MakaryanNews-ի տեղեկություններով` ձերբակալվածներից մեկը եղել է քրեական հեղինակություն համարվող ոմն Գարիկ Հակոբյան, որը թմրանյութի վաճառքով է զբաղվում, ժողովրդի լեզվով ասած` «բառիգություն» է անում: Մեզ ասացին` նա և ընկերը վաղուց էին ոստիկանների ուշադրության ներքո, բայց, չգիտես ինչու, ոստիկանները ժամանակին նրանց չեն հայտնաբերել ու ձերբակալել:
Մեզ ասացին` նշված անձինք եղել են ռուսական պետհամարանիշներով Hyundai Solaris մակնիշի մեքենայով, որը երկու տարի է` հետախուզման մեջ էր, և երկու տարի ոստիկանության քթի տակ նրանք այս մեքենայով հանցավոր գործունեություն են ծավալել, ու ոչ ոք նրանց ոչինչ չի ասել: Երկու տարի անց միայն հանկարծ ոստիկանությունը որոշել է գործի անցնել և հետախուզման մեջ լինելու կասկածանքով կանգնեցնել այս մեքենան: Սակայն, երբ Հրազդան քաղաքում պարեկները փորձել են կանգնեցնել տվյալ մեքենան, Գարիկ Հակոբյանն ու ընկերը կանգնելու փոխարեն դիմել են փախուստի` հընթացս կրակելով պարեկների վրա և վիրավորելով նրանց: