Պապիկյանի պահած բանակը՝ լուսանկարներով․ Փաշինյանը, թերևս, մի զորացրվելու հրաման էլ իր նախարարին տա

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

Երեկ Մեղրիում Նիկոլ Փաշինյանին դուր չեկավ իրեն մոտեցած մի զինվորականի դժգոհությունները իր ու Սուրեն Պապիկյանի պահած բանակից, և, հերթական անգամ, ցույց տալով փոքրիկ դեմոկրատի դիմակի տակ թաքնված իր բռնապետի դեմքը, հրահանգեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ զորացրել այդ զինվորականին։

Մի կողմ թողնենք արձակուրդում գտնվող կառավարության ղեկավարի ՝ նմանօրինակ հանձնարարականի ապօրինությունն ու աբսուրդայինությունը, բայց այն, ինչից դժգոհում էր զինվորականը, իրականություն է, և ամենուր բանակի արդիականացումից խոսող և պաշտպանական կառույցներ գովազդող Պապիկյանի ղեկավարած բանակում ամեն ինչ չէ, որ այդքան գունավոր է և գեղեցիկ։

Հատկապես 25-օրյա վարժական հավաքների մեկնողները շատ են դժգոհում իրենց հատկացված պայմաններից, քանզի իրենց տեղավորում են տարրական կենցաղային պայմաններից զուրկ ինչ-որ ավերակ հիշեցնող շինություններում, որի անունը զորանոց են դնում։

Ահավասիկ, վարժական հավաքների մասնակիցներից մեկը MakaryanNews-ին է ուղարկել լուսանկարներ Սյունիքի մարզի այն «զորանոցից», որտեղ ծառայել է ինքը՝ որպես 25-օրյա վարժական հավաքների մասնակից։ Լուսանկարները մեկ տարի առաջվա է։ Դրանցում երևում է, թե ինչ անմարդկային, տարրական կենցաղային պայմաններից զուրկ տարածքում են տեղավորել վարժական հավաքի մասնակիցներին՝ կիսավեր շինություն, որը անգամ լուսամուտ չունի՝ կոտրատած են, իսկ հատակն էլ հողածածկ է՝ ցեխաջրի մեջ կորած։

Ի դեպ, հավաքի մասնակիցներին բաժանել են հնադարյան ինքնաձիգներ, որոնց վրա որպես արտադրության թիվ նշված է 1968 թվականը։ Սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը աղաղակում էր, թե նախկինների պահած բանակում 80-ականների զենքերով են կռվել։ իսկ իր պահած բանակում 80-ականների էլ չէ, այլ 60-70-ականների զենքեր են բաժանում զինվորներին։

Թերևս այսքանից հետո ճիշտ կլինի՝ մի հրաման էլ Փաշինյանն իր պաշտպանության նախարարին տա, որ գնա դիմում գրի և ինքն իրեն զորացրի այսպիսի բանակ պահելու համար։ Թեպետ՝ Պապիկյանը դեռ Ազատի ողբերգական հրդեհից հետո պետք է առնվազն բարոյական պատասխանատվությունից ելնելով՝ անմիջապես հրաժարական տար, քանզի այդ ողբերգությունը տեղի չէր ունենա, եթե իր պահած բանակում զինվորներին գյուղերից մեկի լքված մի կացարանում չտեղավորեին՝ զուրկ անվտանգության տարրական պայմաններից։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով