Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցադիմումը՝ ընդդեմ Ալեն Սիմոնյանի։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս համակարգից։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել ու փոխհատուցել զրպարտության համար։ «Ալեն Ռոբերտի Սիմոնյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել արտահայտած և զրպարտություն համարվող փաստացի տվյալը՝ հետևյալ բովանդակությամբ և կարգով.

Բովանդկաությունը՝ «Ես Ալեն Ռոբերտի Սիմոնյանս ֆեյսբուք (Facebook) և Տիկտոկ (TikTok) հարթակներում 2026 թվականի մայիսի 19-ին հրապարակել եմ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հասցեին տարածել եմ հետևյալ տեղեկությունը՝ «իրավապահները պետք է իրենց գնահատականը տան, թե ո՞նց է ստացվում, որքա՞ն իրավական է արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանի Հանրապետությունում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը»: Հայտնում եմ, որ այդ տեղեկությունն ամբողջությամբ կեղծ է, չի համապատասխանում իրականությանը և դրանով ես զրպարտել եմ Սամվել Կարապետյանին»,- նշված է հայցապահպանջի մեջ։ Նշվում է, որ հերքումը չպետք է պարունակի պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես հերքման տեքստը։ Հերքումը նշված հարթակներում պետք է պահպանել այնքան ժամանակ քանի դեռ հրապարակված են մնում համապատասխան հերքվող տեղեկությունը պարունակող տեսանյութերը, բայց ոչ պակաս քան հերքումը հրապարակելուց հետո մեկ ամիս ժամկետով:

Միաժամանակ Սամվել Կարապետյանը պահանջում է Ալեն Սիմոնյանից բռնագանձել 6.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։

Կիսվել նյութով