Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

Արարատ լեռան մոտ գտնվող Դուրուպընարի կազմավորումն ուսումնասիրող միջազգային գիտական խումբը նոր հետազոտության արդյունքում հայտարարել է ստորգետնյա կառուցվածքների հայտնաբերման մասին, որոնք, ըստ հետազոտողների, կարող են նոր լույս սփռել Նոյյան տապանի գտնվելու վայրի շուրջ տասնամյակներ շարունակվող վեճի վրա։ Հետազոտության մասին գրում է Daily Mail-ը։

Գիտնականները ռադարային սկանավորման միջոցով տարբեր խորություններում հայտնաբերել են կառուցվածքային շերտեր, ուղիղ գծեր, ուղիղ անկյան տակ հատումներ և ընդարձակ խոռոչներ։ Հետազոտության հեղինակների խոսքով՝ արձանագրված պատկերները կարող են վկայել հնարավոր խցիկների, միջանցքների ու թունելների, ինչպես նաև երեք մասի բաժանված ստորգետնյա կառուցվածքի առկայության մասին։

Վերջինս հետազոտողները համեմատում են աստվածաշնչյան նկարագրության հետ, ըստ որի՝ Նոյյան տապանն ունեցել է երեք տախտակամած։

Հորատման աշխատանքների ընթացքում վերցված միջուկային նմուշներում հայտնաբերվել է նաև օրգանական նյութերով հարուստ շերտ։ Այժմ գիտնականները վերլուծում են նմուշները՝ պարզելու համար՝ արդյոք դրանք պարունակում են քայքայված փայտի մնացորդներ։ Այս մասին հայտնում է Focus-ը։

Հետազոտության հեղինակները պնդում են, որ ստացված տվյալները հիմք են տալիս կասկածի տակ դնելու կազմավորման բնական երկրաբանական ծագման վերաբերյալ նախկին վարկածները։ Սակայն հայտնաբերված կառուցվածքների բնույթը դեռևս վերջնականապես պարզված չէ։

Noah’s Ark Scans նախագծի հիմնադիր, անկախ հետազոտող Էնդրյու Ջոնսը, որը շուրջ 30 տարի ուսումնասիրում է այդ տարածքը, նշել է, որ վերջին ռադարային սկանավորումների և հորատումների ընթացքում կրաքարի կամ կարծր հիմնաքարի առկայության ապացույցներ չեն հայտնաբերվել։

Նրա խոսքով՝ այս տվյալները չեն հաստատում այն վարկածները, որոնց համաձայն՝ Դուրուպընարի կազմավորումը սառցադաշտերի և հողմահարման հետևանքով նավակի տեսք ստացած կրաքարային բլոկ է կամ տիղմի կուտակումներով շրջապատված հիմնաքար։

Այնուամենայնիվ, Ջոնսը շեշտել է, որ նոր տվյալները դեռևս չեն ապացուցում 100 տոկոս վստահությամբ, որ հայտնաբերված կազմավորումը հենց աստվածաշնչյան Նոյյան տապանն է։

Նրա համոզմամբ՝ Դուրուպընարի կազմավորումը Նոյյան տապանի թաղված մնացորդներն են, իսկ վերջին սկանավորումների արդյունքները լրացուցիչ փաստարկներ են տալիս այդ վարկածի օգտին։

Կիսվել նյութով