Ռուս գիտնականները Երկրի իոնոսֆերայում չափազանց հազվադեպ երևույթ են արձանագրել, որի առաջացման պատճառը դեռևս ամբողջությամբ պարզ չէ։ Հետազոտությունն իրականացրել են Լոբաչևսկու անվան Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի ռադիոֆիզիկոսները՝ այլ գիտական կենտրոնների մասնագետների հետ համատեղ։ Արդյունքները հրապարակվել են Sensors գիտական ամսագրում։
Դիտարկումների ժամանակ՝ մոտ 105–110 կմ բարձրության վրա, գիտնականները գրանցել են չափազանց հզոր և խիտ սպորադիկ E շերտ։ Դրանում լիցքավորված մասնիկների խտությունը մոտ տասն անգամ գերազանցել է շրջակա շերտի ցուցանիշը։ Միաժամանակ արձանագրվել է աննախադեպ ուժգնությամբ արհեստական լուսարձակում․ կանաչ սպեկտրում դրա պայծառությունը որոշ դեպքերում աճել է մինչև 50 անգամ։
Գիտնականների խոսքով՝ նման ինտենսիվ լուսարձակման առաջացման պատճառը դեռ պարզ չէ։ Ենթադրվում է, որ երևույթը կարող է կապված լինել Արեգակի բարձր ակտիվության ժամանակաշրջանների հետ։ Հետազոտողները նախատեսում են շարունակել փորձերը՝ հասկանալու համար, թե ինչպես են արևային ճառագայթումն ու հզոր ռադիոալիքները ազդում Երկրի վերին մթնոլորտի և իոնոսֆերայի վրա։