Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016թ–ի ապրիլյան պատերազմից 10 տարի անց հրապարակել է 4-օրյա պատերազմում ադրբեջանցիների կողմից դաժանաբար սպանված և խոշտանգված հայաստանցի զինծառայողներից մեկի գործով վճիռը։
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը, որն այդ գործերով ՄԻԵԴ–ում ներկայացնում է տուժողների շահերը, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ տվյալ գործը վերաբերում է պատերազմում ծանր վիրավորում ստացած զինծառայողի խոշտանգմանն ու գլխատմանը, փաստեր, որոնք հաստատվել են արդեն նաև ՄԻԵԴ–ի վճռով։
«Դեպքը տեղի էր ունեցել 4-օրյա պատերազմի ընթացքում։ Զինծառայող Հայկ Թորոյանը մեկ այլ զինծառայողի հետ վիրավորումներ էր ստացել և ամբողջովին գտնվել է միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո։ Սակայն վիրավորված զինծառայողին ռազմագերու կարգավիճակ տալու, վերադարձնելու փոխարեն տանջել էին, նրա ներկայությամբ գլխատել էին մյուս զինծառայողին, որն ավելի ծանր վիրավորումներ էր ստացել, նաև կտրել էին դաստակը և գլխատել։ Բնականաբար, սա խոշտանգման ծանրագույն դրսևորում է։ Ավելին, հրաժարվում էին վերադարձնել նաև գլուխը, այսինքն` ընտանիքը զրկված էր նրա մարմինը պատշաճ հուղարկավորելու հնարավորությունից, ինչը, տառապանք պատճառելուց զատ, նաև ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին է միջամտություն»,– նշում է Սահակյանը։
Իրավաբանի խոսքով` ՄԻԵԴ–ի վճռով արձանագրվել է զինծառայող կյանքի իրավունքի խախտման փաստը, նրա կյանքի դեմ ոտնձգությունը, որի իրավունքը, զինված ընդհարման համատեքստում, Ադրբեջանի զինծառայողները չեն ունեցել, նաև խոշտանգման փաստն ու Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը սպանված զինվորի ընտանիքի հանդեպ։