Չնայած Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնումը կարող է արագորեն կայունացնել էներգետիկ շուկաները, աշխարհի առավել խոցելի տնտեսությունները դեռ երկար ժամանակ կշարունակեն կրել վառելիքի և սննդամթերքի թանկացման հետևանքները։ Այդ մասին զգուշացնում է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը (UNCTAD), փոխանցում է Al Jazeera-ն։
UNCTAD-ի հրապարակած նոր զեկույցում նշվում է, որ եթե էներգետիկ շուկան համեմատաբար արագ վերականգնվի, ապա պարենային մատակարարումների և տրանսպորտային շղթաների բնականոն աշխատանքը վերականգնելու համար զգալիորեն ավելի երկար ժամանակ կպահանջվի։
Զեկույցի համաձայն՝ պատճառը գլոբալ լոգիստիկ ցանցերի խաթարումն է, որն առաջացել է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով նավագնացության ավելի քան 100-օրյա ընդհատման հետևանքով։
Սովորական պայմաններում Հորմուզի նեղուցով իրականացվում է համաշխարհային նավթի և բնական գազի մատակարարումների շուրջ 20 տոկոսը։ Սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ փետրվարի վերջին իրականացված համատեղ հարվածներից հետո սկսված պատերազմի ընթացքում այդ կարևոր ծովային ուղին փաստացի դադարել էր գործել։