Ֆրանսիայում անցած ամսվա աննախադեպ շոգը զգալի ազդեցություն է ունեցել մահացության մակարդակի վրա։ The Guardian-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի հանրային առողջապահության ծառայության նախնական տվյալներով՝ հունիսի 22–28-ն ընկած ժամանակահատվածում մահերի թիվը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 29,1%-ով՝ հասնելով 8 973-ի։ Սա շուրջ 2 025-ով ավելի է, քան հունիսի 15–21-ն արձանագրված ցուցանիշը։ Գերատեսչությունը նշում է, որ վերջնական տվյալները դեռ ամփոփվում են։
Ամենաշատը տուժել են 45 տարեկանից բարձր քաղաքացիները, հատկապես՝ 65 և ավելի բարձր տարիքի անձինք։ Մահացությունների ամենամեծ աճը գրանցվել է բնակարաններում, իսկ Փարիզում մեկ շաբաթվա ընթացքում մահերի թիվն աճել է 62%-ով։ Փարիզի հանրային հիվանդանոցային համակարգի ղեկավար Նիկոլաս Ռևելի գնահատմամբ՝ այս տարվա շոգի հետևանքով մահացությունը, հավանաբար, չի հասնի 2003 թվականի աղետալի մակարդակին, սակայն կարող է գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը։
Ծայրահեղ շոգի հետևանքները զգացվել են նաև եվրոպական այլ երկրներում։ Բելգիայում հունիսի 18–29-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է շուրջ 1 200 հավելյալ մահ, որոնցից 530-ը՝ 85 և ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում։ Նիդեռլանդներում, պաշտոնական տվյալներով, ջերմային ալիքի հետևանքով մահացել է մոտ 480 մարդ, որոնց մեծ մասը տարեցներ են։