Կրեմլը բացահայտել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մանրամասները

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու համագործակցության հեռանկարները՝ ռազմաքաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ուշակովի խոսքով՝ զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գոյություն ունեն փոխշահավետ համագործակցության լայն հնարավորություններ։ Նրա փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփը նշել է, որ այդ հեռանկարների իրագործման համար անհրաժեշտ է հնարավորինս արագ ավարտին հասցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը։

ՌԴ նախագահի օգնականը նաև նշել է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել առաջիկայում Բայկոնուրի տիեզերակայանից դեպի Միջազգային տիեզերակայան ռուս-ամերիկյան համատեղ անձնակազմի արձակմանը՝ այն բնութագրելով որպես երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության խորհրդանշական օրինակ։

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները քննարկել են նաև ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման հարցը։ Ուշակովի խոսքով՝ ԱՄՆ նախագահը վերահաստատել է ռազմական գործողությունների դադարեցմանը նպաստելու իր պատրաստակամությունը, իսկ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է ռազմաճակատում ռուսական զինված ուժերի վերջին գործողությունների և ձեռքբերումների վերաբերյալ իր գնահատականը։

Կիսվել նյութով