Մանդատը վերցնելը կնշանակի` դավաճանել գյումրեցիներին, անտեր թողնել քաղաքն ու գործարքի գնալ ՔՊ-ի հետ

Հեղինակ
3 արդեն րոպե ընթերցում ես

Մի քանի օր է` լուրեր են շրջանառվում, թե Գյումրու քաղաքապետի աթոռը զբաղեցնող Ավետիս Առաքելյանը, իր աներոջ` վերջերս կոշտ կալանքից տնային կալանքի տեղափոխված Վարդան Ղուկասյանի հետ գործարքի է գնացել ՔՊ-ի հետ, որ Գյումրին հանձնեն ՔՊ-ին հանուն Վարդան Ղուկասյանի և նրա որդու ազատության:

Գյումրին հանձնելու առաջին ազդակը կլինի այն, որ Ավետիս Առաքելյանը, որը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակով ընտրվել է պատգամավոր, վերցնի մանդատն ու գնա խորհրդարան` քաղաքը թողնելով անտեր: Սա կնշանակի` հրաժարվել պայքարից, կռիվ չտալ նիկոլական ռեժիմի դեմ, վերջնականապես տապալել ոչ միայն առանց այդ էլ տապալված քաղաքային կառավարումը, այլև ավատանու նիստերի անցկացումը, և թույլ տալ, որ նոր ընտրություններ անցկացվեն Գյումրիում: Այսինքն` գնալ հանձնվել ՔՊ-ին` հանձնելով նաև քաղաքը օրվա իշխանություններին:

Կա նաև այլ սցենար, օրինակ` Առաքելյանի փոխարեն Վարդան Ղուկասյանի թիմից այլ թեկնածու առաջադրեն և ընտրեն քաղաքապետ: Բայց այստեղ էլ հարց է` Վարդան Ղուկասյանին միասնաբար քաղաքապետ դարձրած մյուս ընդդիմադիր ուժերը կհամաձայնե՞ն, արդյոք, նույն թիմից երրորդ անգամ քաղաքապետ դարձնել ինչ-որ մեկին: Եթե Ղուկասյանի կալանավորումից հետո ընդդիմադիր մյուս ուժերը համաձայնեցին, որ քաղաքապետի պարտականությունները կատարի նրա փեսան` Ավետիս Առաքելյանը, ապա Ղուկասյանի հրաժարականից հետո խիստ կասկածելի է, որ երկրորդ ընդդիմադիր ուժ համարվող ուժի լիդեր Մարտուն Գրիգորյանն ու երրորդ ուժը համարվող Ռուբեն Մխիթարյանի ֆրակցիան կհամաձայնեն նորից Վարդան Ղուկասյանի թիմից մարդ ընտրել որպես քաղաքապետ: Թերևս միայն Կարեն Սիմոնյանն անի այնպես, ինչպես Վարդան Ղուկասյանը կասի, քանզի նա ամբողջությամբ Ղուկասյանի «տիրապետության» ու ազդեցության ներքո է գործում: Կարծիք կա նաև, որ հենց ամենափոքր ֆրակցիան ձևավորած Կարեն Սիմոնյանին են այս օրերին «ռասկռուտկա» անելով մտադիր դարձնել Գյումրու քաղաքապետ` շրջանցելով Մարտուն Գրիգորյանին և Ռուբեն Մխիթարյանին:

Բոլոր դեպքերում էլ գյումրեցիները չեն ների Ավետիս Առաքելյանին: Եթե նա վաղը վերցնի մանդատն ու գնա ԱԺ, կնշանակի` անտեր է թողնում քաղաքը, իսկապես գործարքի է գնում ՔՊ-ի հետ և Վարդան Ղուկասյանի հետ միասին դավաճանում են իրենց ձայն տված հազարավոր գյումրեցիներին` նրանց թողնելով բախտի քմահաճույքին: Նաև լուրջ հարվածի տակ են դնում Գյումրու ավագանու մյուս ուժերին, այսպես ասած` «փուռն են տալիս նրանց», քանզի եթե Առաքելյանը հանձնվի, ապա իշխանություններն անմիջապես կսկսեն ճնշումները մյուս ավագանու անդամների դեմ, որ հանկարծ չփորձեն իրենց մեջից նոր քաղաքապետ ընտրել:

Ավետիս Առաքելյանը մի քանի օր առաջ դատարանի դիմաց MakaryanNews-ի հետ զրույցում ասաց, թե դեռ որոշում չունի` վերցնելու՞ է մանդատը, թե՞ ոչ: Բայց նրա խոսքից հասկացանք, որ ավելի շատ հակված է վերցնելուն:

Մենք այսօր քանիցս փորձեցինք զրուցել նրա հետ` ստանալու հստակ պատասխան, քանզի վաղը մանդատները բաշխելու օրն է, սակայն Առաքելյանն անպատասխան թողեց մեր զանգերը, չնայած որ վստահաբար տեսնում էր` ով է զանգում:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով