WhatsApp մեսենջերը փորձարկում է նոր գործառույթ, որի շնորհիվ խոշոր ընկերություններից ստացվող հաղորդագրությունները ավտոմատ կտեղափոխվեն առանձին «Առաջարկներ և թարմացումներ» (Offers and Updates) պանակ։ Այս մասին հայտնում է GSMArena-ն։
Նորամուծության նպատակն է նվազեցնել հիմնական չաթերի ցանկում ծառայողական հաղորդագրությունների քանակը։ Բանկերից, ավիաընկերություններից և այլ խոշոր կազմակերպություններից ստացվող ծանուցումները, այդ թվում՝ զեղչերի, ակցիաների, պատվերների և առաքումների վերաբերյալ տեղեկությունները, կհայտնվեն առանձին թղթապանակում։
Ներկայում WhatsApp-ը փորձարկում է, թե որքան ժամանակ պետք է այդ հաղորդագրությունները մնան նոր պանակում։ Քննարկվող առավելագույն ժամկետը 24 ժամ է։
Օգտատերերը կկարողանան կարգավորումներում ամբողջությամբ անջատել այս գործառույթը, սակայն դրա ժամանակային սահմանաչափը փոփոխելու հնարավորություն չի լինի։