Շոգն ու երաշտը բանջարեղենի ճգնաժամ են առաջացրել

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Մեծ Բրիտանիայում ծայրահեղ շոգն ու երաշտը հանգեցրել են թարմ բանջարեղենի պակասի։ Ինչպես հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով ոլորտի ներկայացուցիչներին, սուպերմարկետները ստիպված են արտադրանք ներմուծել Իսպանիայից։

Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով ռեստորաններն ու խանութներն արտասահմանից սկսել են ձեռք բերել հազար և բրոկկոլի։ Միաժամանակ զգալիորեն աճել են բանջարեղենի գները. լոլիկի մեծածախ գինը բարձրացել է ավելի քան 60%-ով, հազարը՝ շուրջ 90%-ով, իսկ կարտոֆիլը՝ ավելի քան 40%-ով։

Բրոկկոլի արտադրողները հայտնում են, որ բերքատվությունը կրճատվել է գրեթե կիսով չափ, իսկ ոլոռի արտադրությունը՝ մոտ մեկ երրորդով։

«Riviera Produce» ընկերության ղեկավար Դեյվիդ Սիմոնսի խոսքով՝ երկրում բրոկկոլիի լուրջ պակաս է առաջացել, ինչի հետևանքով այն ներմուծվում է Իսպանիայից և Նիդեռլանդներից՝ պահանջարկը բավարարելու համար։ Նա նաև նախազգուշացրել է, որ առաջիկա շաբաթներին հնարավոր է նաև ծաղկակաղամբի պակաս։

Մեծածախ առևտրով զբաղվող Nationwide Produce ընկերության ղեկավար Թիմ Օ’Մալլին նշել է, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան կարող է թվալ առաջին հայացքից, քանի որ գյուղատնտեսական տնտեսությունները բախվում են նաև ոռոգման համար ջրի սուր պակասի։

Կիսվել նյութով