Նեպալցի հայտնի լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է Պակիստանի Բրոուդ Փիք (8051 մ) լեռան վրա տեղի ունեցած ձնահոսքի հետևանքով։ Տեղեկությունը հաստատել է Elite Exped ընկերությունը, որի համահիմնադիրն էր Պուրջան։
Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ ողբերգության հետևանքով զոհվել են նաև արշավախմբի մյուս մասնակիցները, այդ թվում՝ Պուրջայի երկարամյա գործընկերներն ու ուղեկցորդները՝ Պուր Բահադուր Գուրունգը (Յուկտա) և Նիմա Շերպան։
Հուլիսի 29-ին Նեպալից, Պակիստանից, ԱՄՆ-ից, Օմանից և Չինաստանից 10 լեռնագնացներից բաղկացած խումբը՝ 43-ամյա Պուրջայի գլխավորությամբ, սկսել էր վերելքը Բրոուդ Փիք։ Հուլիսի 30-ին, տեղական ժամանակով կեսօրին մոտ, լեռան վրա ձնահոսք է տեղի ունեցել, որից հետո խմբի հետ կապը կորել է։ GPS տվյալների համաձայն՝ լեռնագնացներին ձնահոսքը մոտ մեկ կիլոմետր ներքև է տարել։
Նիրմալ Պուրջան 2019 թվականին համաշխարհային ճանաչում ձեռք բերեց՝ ընդամենը վեց ամիս և վեց օրում նվաճելով աշխարհի բոլոր 14 ութհազարանոց գագաթները՝ սահմանելով ռեկորդ։ Նա նաև առաջին լեռնագնացն էր, ով 48 ժամվա ընթացքում բարձրացավ Էվերեստ, Լհոցզե և Մակալու գագաթները։